Երեխաների միջազգային առևանգման գործերով վեճերը հրատապ լուծելու՝ Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ամրագրված պահանջը միշտ չէ, որ իրականալի է թվում, երբ կա անհրաժեշտություն ապահովելու մեկ այլ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) -6 -րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված յուրաքանչյուրի՝ «հրապարակային դատաքննության» իրավունքի իրացումը:
Վեճի մասնակցին լսումների ժամանակի, վայրի մասին ծանուցելը, ապա լսումներին մասնակցելու համար ողջամիտ նախադրյալների ստեղծումը հաճախ լինում է ժամանակատար, քանի որ երեխաների միջազգային առևանգման գործերի առանձնահատկությամբ պայմանավորված ծնողը, որի իրավունքները խախտվում են անօրինական տեղափոխումից կամ պահումից, որպես կանոն, գտնվում է մեկ այլ երկրի սահմաններում: Սրանով պայմանավորված՝ միշտ չէ, որ հայցվող պետություններին հաջողվում է պահպանել Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված՝ անօրինական տեղափոխված կամ պահվող երեխաներին վերադարձնելու ընթացակարգերը անհապաղ, այն է՝ 6 շաբաթյա ժամկետում իրականացնելու պահանջը: Անդրադառնալով ապօրինի տեղափոխված երեխային վերադարձնելու պահանջի հրատապ քննության ընթացակարգերին, ինչպես նաև դրանցում կիրառելի ապացույցներին՝ Հաագայի կոնվենցիայի դրույթների կիրառման ուղեցույցում (Guide to Good Practice Child Abduction Convention: Part II - Implementing Measures) հրահանգված է առավելապես հենվել գրավոր ապացույցների վրա, նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ Կոնվենցիան նախատեսում է հայցող երկրից գրավոր ապացույցներ պահանջելու իրավական հնարավորություն: Ըստ այդմ՝ բանավոր լսումներով ապացույցների ձեռքբերման անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ գրավոր ապացույցներում լինում է հակասություն, ինչի արդյունքում էլ ծագում է դրանցում կողմնորոշվելու անհրաժեշտություն (§ 6.5.2):Հայցվող երկրները, որոնք վավերացրել են ՄԻԵԿ-ը, նման ընթացակարգերում կրում են նաև ՄԻԵԿ-ով սահմանված մարդու իրավունքների իրացումն ապահովելու ուղղակի պարտավորություն, որոնցից մեկը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված՝ գործերի հրապարակային դատաքննության իրավունքներն է:
Այս առումով հարկ է նշել ՄԻԵԴ-ի բազմիցս հնչեցրած այն դիրքորոշումը, ըստ որի ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված «հրապարակային դատաքննության իրավունքը» ենթադրում է «բանավոր լսումների իրավունքը» և եթե բացակայում են բացառիկ հանգամանքներ, ապա հրապարակային լսումների իրավունքը ենթադրում է գործի քննության առնվազն մեկ ատյանում բանավոր լսումներ (տես, Döry v. Sweden, no. 28394/95, § 37, § 39, 12.11.2002; Bektashi Community and Others v. the former Yugoslav Republic of Macedonia, nos. 48044/10, § 80, 12.04.2018):
Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում հստակ նշել այն սահմանագիծը, որը կարող է կողմնորոշել, թե որ դեպքում քննարկվող ընթացակարգերի իրականացումն առանց բանավոր լսումների չի հանգեցնում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմանը:
ՄԻԵԴ-ը հարցի վերաբերյալ իր պարզաբանումներն առավել մանրամասն ներկայացրել է Ադզիքն ընդդեմ Խորվաթիայի գործով (Adžić v. Croatia (No. 2), Application no. 19601/16), 2 May 2019).
Ըստ այդմ բացառիկ հանգամանքների առկայություն արձանագրվում է բոլոր այն դեպքերում, երբ քննությամբ լուծման ենթակա հարցերը բացառապես կրում են իրավական կամ տեխնիկական բնույթ, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործով բացակայում են վիճելի հանգամանքներ, և դատարանը կարող է գործն արդարացիորեն լուծել ելնելով կողմերի ներկայացրած գրավոր փաստաթղթերից (§ 56):
Ընդգծելով դատավարության մասնակիցներից գրավոր ապացույցներ ընդունելու անհրաժեշտությունից անկախ բանավոր լսումներ հրավիրելու կարևորությունը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ դրանց նպատակը չի սահմանափակվում միայն դատավորության կողմերից ապացույցներ ձեռք բերելով: Այն դատավարության մասնակիցների և դատարանի համար ծառայում է որպես վկաներին և փորձագետներին հարցաքննելու, իսկ դատավորի համար՝ առաջադրված հարցերին վկաների հնչեցրած համպատրաստի պատասխանները լսելու և արձանագը ֆիքսելու, դատավարության մասնակիցների հետ ուղղակի զրույցներում գործին առնչվող փաստական, և իրավական հանգամանքներ պարզելու հնարավորություն (§ 64):
Այսպիսով, ըստ ՄԻԵԴ-ի պարզաբանումների՝ անօրինական տեղափոխված կամ պահվող երեխաների վերադարձման հրատապ ընթացակարգերում ևս, թեկուզև մեկ ատյանում բանավոր լսումները պարտադիր են, և միայն բացառիկ հանգամանքների ուժով նման պահանջի չպահպանումը ՄԻԵԴ 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում կարող է համարվել իրավաչափ: