Հաճախ ենք վարչական մարմիններին դիմում ներկայացնում մեր այս կամ այն խնդրին լուծում տալու նպատակով, սակայն նրանց կողմից թույլ տրվող խախտումների դեմ արդյունավետ պայքար մղել մեզանից քչերին է հաջողվում: Պատճառը մեր կողմից ներկայացվող դիմումների քննարկման ընթացքում մեր իրավունքների և վարչական մարմնի պարտականությունների վերաբերյալ քիչ իրազեկված լինելն է:
Եթե դատական ատյանում գործը ներկայացնելիս մենք դիմում ենք իրավաբաններին և օգտվում նրանց մասնագիտական կարողություններից, ապա վարչական մարմինների հետ հարաբերություններում հիմնականում գործը ներկայացնում ենք անձամբ: Հաշվի առնելով նշված հանգամանքը, մեր կազմակերպությունն այս անգամ անդրադառնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պարզաբանմանը: Նշված օրենքով են կարգավորվում վարչական մարմինների և դիմումատուների իրավունքները և պարտականությունները, դիմումի քննարկաման կարգը, ժամկետները, կայացված վարչական ակտի բողոքարկման ժամկետները և կարգը, ինչպես նաև վարչական մարմինների պատասխանատվության հարցերը: Օրենքի իմաստով վարչական մարմիններ են համարվում բոլոր նախարարությունները, պետական այլ մարմինները, տարածքային կառավարման մարմինները (մարզպետներ, Երևան քաղաքի քաղաքապետը), տեղեկան ինքնակառավարման մարմինները (համայնքի ավագանի, համայնքի ղեկավար, թաղապետ` Երևան քաղաքում, քաղաքապետերը, գյուղական համայնքներում գյուղապետերը և այլն: Դիմումատուներն այն անձինք են, ովքեր իրենց այս կամ այն իրավունքի իրականացման հետ կապված դիմում են ներկայացնում նշված մարմիններին: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված են վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնց համապատասխան պետք է իրականացնեն իրենց գործունեությունը վարչական մարմինները իրենց ներկայացրած դիմումը քննարկելիս: Սկզբունքների իմացությունը Ձեզ կօգնի պահանջել վարչական մարմնից դրսևորելու ամրագրված սկզբունքներին համապատասխանող վարքագիծ: Անդրադառնանք թերևս դրանցից ամենակարևորներին. 1. Վարչարարության օրինականությունը: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր են առաջնորդվել միայն օրենքով: Օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման արդյունքում ընդունված վարչական ակտերն անվավեր են. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենք», հոդված 63, 1-ին մաս, «ա» ենթակետ): 2. Ձևական պահանջները չարաշահելու արգելքը: Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ վարչական մարմնին արգելվում է ձևական պահանջների պահպանման նպատակով Ձեզ ծանրաբեռնել ավելորդ պարտականություններով կամ մերժել որևէ իրավունք տրամադրելը, եթե Ձեր կողմից բովանդակային առումով կատարված են Ձեզ վրա դրված պարտականությունները: 3. Կամայականության արգելքը: Այս սկզբունքով արգելվում է վարչական մարմնին անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե բացակայում են նույնատիպ գործերում տարբերակման էական հիմք: Նշված սկզբունքը ամրագրելով օրենսդիրը նպատակ է ունեցել ստեղծել միանման պրակտիկա` կանխելու համար կողմնակալ մոտեցումները: 4. Հավաստիության կանխավարկածի սկզբունք: Գործնականում այս սկզբունքը վարչական մարմինների կողմից թերևս ամենաշատն է անտեսվում, ինչի արդյունքում անբարենպաս հետևանքներ են առաջանում հենց դիմումատուի համար: Այս սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դիմումի կապակցությամբ վարչական մարմնին Ձեր կողմից ներկայացվող տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Օրենքն ուղղակիորեն սահմանում է` արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահաջը սահմանված չէ օրենքով: Այսինքն, եթե Ձեր կողմից ներկայացված դիմումի շրջանակներում վարչական մարմնին եք ներկայացրել դիմումի հետ կապված տեղեկություն պարունակող որևէ փաստաթուղթ, իսկ վարչական մարմինն ունի կասկածներ դրա իսկության վերաբերյալ, ապա տվյալ տեղեկությունն անհավաստի լինելու փաստը ապացուցելու պարտականությունը կրում է վարչական մարմինը: 5. Հայեցողական լիազորությունները սահմանափակելը: Հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունքն է ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Միևնույն ժամանակ օրենքը սահմանափակում է հայեցողական լիազորությունների իրականացման իրավունքը, սահմանելով վարչական մարմնի համար պարտավորություն, դրանք իրականացլեիս հիմք ընդունել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, Վարչարարության հիմնարար սկզբունքները:
Փաստաբան`
Հասմիկ Օհնիկյան