Փոփոխություններ ՀՀ դատական օրենսգրքում.

Այսուհետ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ դատարանի նախագահի և 65 դատավորների կազմով: Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների շենքերը ծառայելու են որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրեր: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը լինելու է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունենալու է մեկ նախագահ դատավոր, իսկ նստավայրերը չեն ունենալու նախագահներ:

Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն էր:
Քաղաքացիական գործի հարուցումից կամ քրեական գործը դատարանում ստացվելուց հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվելու են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն նստավայր, որտեղ քննվելու է գործը: Ընդ որում՝ քաղաքացիական գործերի բաշխումն իրականացնելիս Երևան քաղաքը դիտարկվելու է որպես մեկ դատական տարածք, ինչը նշանակում է, որ, օրինակ, Ավան վարչական շրջանում բնակվող պատասխանողի մասնակցությամբ գործը կարող է քննվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ոչ թե Ավանի, այլ Արաբկիրի նստավայրում:
 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, որպես կանոն, բաշխվելու են դատարանի այն նստավայրի դատավորների միջև, որի սպասարկման տարածքում գործող՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան ստորաբաժանումից ստացվել է քրեական գործը:
Ստորև ներկայացվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերը.


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Գյուլիքևխվյան 20 հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1 հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա-Սեբաստիայի նստավայր, որը գտնվում է ք. Երևան, Օտյան փողոց 53/2 հասցեում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital