Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին կատարված փոփոխություններով և լրացումներով, որոնք ուժի մեջ են մտել 18 հունվարի 2018թ-ից հնարավոր է դարձել դատավարական փաստաթղթերի ներկացումը էլեկտրոնային եղանակով` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը: Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով: Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով: Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացվելուց հետո: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի, ինչպես նաև կատարողական թերթի ներկայացման կարգ` համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում:

Համանման փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ գլխում, ուստի այսուհետ վարչական ակտերը՝ ՃՈ կողմից կայացվող տուգանքի որոշումները հնարավոր կլինի դատական կարգով վիճարկել առանց տանից դուրս գալու:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital