Գնման գործընթացի իրականացման հիմքում մրցակցությունն է: Որքան մրցունակ է մասնակցի առաջարկած գինը և շահավետ պայմանագրի կատարման համար առաջարկվող պայմանները, այնքան մեծ է մրցույթում հաղթող ճանաչվելու հավանականությունը:
Մասնակիցների՝ մրցունակ լինելու կարևորությունը պայմանավորվում է ոչ միայն գնման գործընթացներին ազգային մատակարարների կողմից օր-օրի աճող մասնակցության ցուցանիշով, այլ գնման գործընթացների միջազգային ազատականացմամբ:
Մրցունակության բարձրացման անհրաժեշտությունն էլ հաճախ առաջացնում է հնարավոր մասնակիցների կողմից իրենց ռեսուրսները կենտրոնացնելու և գնման գործընթացներին համատեղ ներկայանալու անհրաժեշտություն:
Օրինակ, ծառայությունը կամ աշխատանքը, որի ձեռքբերման համար հայտարարված է մրցույթը, կարող է լինել մեծածավալ, իսկ կատարման ժամկետը՝ խիստ սահմանափակ: Սեղմ ժամկետներում մեծածավալ ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, իրատեսական չէ ոչ մեծ աշխատանքային ռեսուրսների տիրապետող տնտեսվարող սուբյեկների համար: Նման կազմակերպություննեը, բնականաբար, չեն կարող հաջողության հասնել հայտարարված տենդեռը շահելու հարցում:
Ծառայությունը կամ աշխատանքը կարող է լինել նաև բազմատարր և լինել մի շարք տարաբնույթ ծառայությունների և աշխատանքների ամբողջություն: Բազմատարր ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացին մասնակցելու հավակնություններ չի կարող ունենալ այն տնտեսվարող սուբյեկտը, որի մասնագիտական փորձառությունը բավարարում է բացառապես աշխատանքների կամ ծառայությունների միայն որոշակի մասի կատարմանը:
Քիչ չեն դեպքերը, երբ գնման ենթակա ծառայությունը կամ աշխատանքը ենթադրում է նաև առանձին կառույցների հետ համագործակցություն, ինչպիսի հանգամանքով պայմանավորված, օրինակ, օտարերկրյա մասնակիցները անխուսափելիորեն բախվելու են անհրաժեշտ ընթացակարգերին և աշխատանքային լեզվին տիրեպետելու կարևորագույն խնդրին:
Թվարկված և մի շարք այլ դեպքերում էլ ծագում է տնտեսվարող սուբյեկտների՝ միմյանց հետ համագործակցելու, իրենց ռեսուրսները կենտրոնացնելու և գնման գործընթացին միասնական՝ կոնսորցիումով, մասնակցելու անհրաժեշտությունը:
Կոնսորցիումը չի ենթադրում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ նոր իրավաբանական անձի ձևավորում: Կոնսորցիումի անդամներին միավորում է բացառապես այն նպատակը, դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, որի համար նրանք կենտրոնացրել են իրենց ռեսուրսները: Հիշյալ նպատակի հետ չառնչվող ցանկացած այլ հարաբերություններում կոնսորցիումի անդամները հանդես են գալիս միմյանից անկախ՝ ողջ ծավալով պահպանելով իրենց ինքնուրույնությունը:
Կոնսորցիումի անդամների հարաբերությունները, ներառյալ՝ ընդհանուր նպատակին հասնելու յուրաքանչյուրի ներդրումը, պարտականությունների և ստացված շահույթի բաշխումը, կարգավորվում է նրանց միջև կնքվող համատեղ գործունեության պայմանագրով:
Գնման գործընթացներին Կոնսորցիումով մասնակցելու ինստիտուտը լինելով մրցույթի մասնակցի մրցունակությունը բարձրացնելու իրավական արդյունավետ մեխանիզմ, այնուամենայնիվ դրա անդամների համար պարունակում են որոշակի ռիսկեր:
Կոնսորցիումի ինստիտուտից օգտվել ցանկացողները պետք է ամենայն զգուշությամբ ընտրեն իրենց գործընկեր-անդամներին, քանի որ յուրաքանչյուր անդամի գործողությունների համար պատասխանատվություն են կրում նաև մյուսները:
Քանի որ Կոնսորցումի մասնակիցներից յուրաքանչյուրի դերը դեռևս նրանց միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրով հստակ կանխորոշված է, նրանց համատեղ գործունեությունը ենթադրում է գործընկեր-անդամների գործողությունների շղթականան ամբողջություն, ուրեմն՝ կոնսորցիումի կազմից թեկուզև մեկ անդամի դուրս գալը հանգեցնում է կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած գնման պայմանագրի միակողմանիորեն լուծմանը: Նման դեպքում կոնսորցիումի բոլոր անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Բացի այդ, կոնսորցիումով գնման ընթացակարգին մասնակցելու դեպքում կոնսորցիումի անդամներին արգելվում է միևնույն գնման ընթացակարգին որպես առանձին մասնակից հայտ ներկայացնել: Հիշյալ պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում ընթացակարգի գնահատող հանձնաժողովը մերժում է ինչպես կոնսորցիումի անդամի առանձին ներկայացրած, այնպես էլ՝ կոնսորցիումով ներկայացված հայտերը:
Կոնսորցիումի անդամների հարաբերությունների գրագետ իրավական կարգավորումը կարող է որոշակիորեն չեզոքացնել հնարավոր ռիսկերը, բարձրացնել յուրաքանչյուր անդամի գործողությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
# Փաստաբան, գնումների որակավորված մասնագետ` Հասմիկ Օհնիկյան