Թեև 2014 թվականից որոշակիորեն արգելվեց քաղաքային համայնքների վարչական սահմաններում խաղատների և ցանկացած, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, այնուամենայնիվ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ այլ քաղաքներում բնակիչների համար շահումով խաղերի հարցը շարունակում է մնալ արդիական:

Խոսքը մասնավորապես վերաբերում է շահումով խաղեր նախատեսող էլեկտրոնային ապարատների և տերմինալների առկայությանը, որոնք ազատորեն տեղակայցած են քաղաքային համայնքներում: Հարցի շուրջ քաղաքացիների բողոքները, այս առումով արձագանք են գտել: Բանն այն է, որ ներկայումս քննարկվում է նախագիծ, որով էլեկտրոնային ապարատներով կազմակերպվող շահումով խաղերը պետության հսկողության ներքո ներառելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դրանց նկատմամբ նախատեսվում է կիրառելի դարձնել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի պահանջները: Օրենքով ներկայացվող ամենաէական պահանջը, թերևս նման խաղերի կազմակերպման համար համապատասխան լիցենզիայի առկայությունն է: Լիցենզավորումն այն գործընթացն է, որի ընթացքում ի թիվս այլ պայմանների, իրավասու մարմնի կողմից ստուգվում են տվյալ խաղերի կազմակերպման կանոնները և եթե դրանցում առկա են խաղացողների շահերը որևէ կերպ վտանգելու պայմաններ, ապա համապատասխան լիցենզիայի տրամադրումը մերժվում է: Օրենքի կարգավորման առարկայում էլեկտրոնային ապարատներով և տերմինալներով իրականացվող խաղերի ներառմամբ դրանց նկատմամբ ևս կկիրառվի քաղաքային համայնքներում տեղակայելու արգելքը, հնարավորինս կպաշտպանվեն սպառողների իրավունքներն ու շահերը, կկանխվի բնակչությանը բարոյական և նյութական վնաս հասցնելու վտանգը: Կարևորելով նախագծով ակնկալվող արդյունքները, թերևս նշենք, որ բնակչության համար ոչ պակաս վտանգ են ներկայացնում նաև ինտելեկտուալ խաղի անվամբ քողարկվող հեռուստախաղերը: Դրանցում հատկապես կարևոր է առանձնացնել Հայկական երկրորդ հեռուստաալիքի կողմից հեռարձակվող «Օդից փող» հեռուստավիկտորինան՝ բնակչությանը մոլորեցնող և ուղղակիորեն նյութական վնաս հասցնող խաղի կանոններով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital