2017 թվականի ապրիլի 27-ից գնումներին վերաբերող իրավահարաբերությունները կարգավորվելու են «Գնումների մասին» նոր օրենքով: Գնումների գործընթացում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներն ուղղված են գործընթացն առավել թափանցիկ դարձնելուն, որին հասնելու ուղին օրենսդիրը տեսել է ներկայումս գործող գնման ընթացակարգերը պարզեցնելու և գնման ընթացակարգերը բոլոր պատվիրատուների կողմից էլեկտրոնային եղանակով կազմակերպելու միջոցով:
Որպես գնման գործընթացի պարզեցում, ներկայիս գործող թվով յոթ ընթացակարգերի փոխարեն կլինեն չորս՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում և մեկ անձից գնում ընթացակարգերը: Թափանցիկությունն ըստ մասնագետների կապահովի էլեկտրոնային գնումներին լիովին անցում կատարելը: Այս նպատակին էր ուղղված թերևս 2016 թվականի նոյեմբերի 03-ի N 1113-Ն կառավարության որոշումը, որով սահմանվեց, որ 2017 թվականի ապրիլի 1-ից պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները ևս գնումները պետք է իրականացնեն էլեկտրոնային գնումների միջոցով:
Գնումների գործընթացում օրենքով ամրագրված խնդիրներին հասնելու նախապայմանը այն միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելն է:
Այս առումով կարևորվում է հատկապես ձեռք բերվելիք հիմնական ապրանքների և ծառայությունների՝ միասնական բնութագրերի սահմանումը: Գաղտնիք չէ, որ Պատվիրատուների կողմից գնման առարկաների սահմանման ներկայիս ազատությունն այն գործիքն է, ինչը հաճախ կիրառվում է ձեռք բերվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները առանձին մասնակիցների հնարավոր առաջարկներին համապատասխանեցնելու կամ արհեստական պահանջներով ծանրաբերնելու միջոցով «անցանկալի» մասնակիցներին մրցույթից մեկուսացնելու նպատակով:
Հատկանշական է, որ պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների բնութագրերը նախկինում սահմանված էին, որը, սակայն, 2015 թվականին ուժը կորցրեց:
Հավելենք, որ «Գնումների մասին» նոր օրենքն ուղղակիորեն ամրագրում է պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները համապատասխան ենթաօրենսդրական ակտով կարգավորելու պահանջ, ինչն, իհարկե, հուսադրող է: