Աշխատանքային գրքույկները շրջանառությունից դուրս են գալիս 2016 թ-ի ավարտից հետո

Դեռևս 2015 թ-ի հունիսին ընդունված օրենքով, որով փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ ուժը կորցրած է համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90 հոդվածը, որը վերաբերում է աշխատանքային գրքույկին: Նույն օրենքով սահմանվել է նաև, որ աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:

G18 օգոստոսի 2016 թվականի N 882-Ն կառավարության որոշմամբ սահմանվել է աշխատանքային գրքույկը շրջանառությունից դուրս գալու հետ կապված հարաբերությունները՝ միաժամանակ ուժ կորցրած ճանաչելով 2006 թվականի հունիսի 16-ի "Աշխատանքային գրքույկի ձեւը, աշխատանքային գրքույկ վարելու եւ կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին" N 876-Ն որոշումը:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Ի՞նչ է լինելու աշխատանքային գրքույկների հետ.

Գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով. այնուհետև աշխատանքային գրքույկները հանձնվելու են աշխատողներին:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը կծանուցի գործատուներին աշխատանքային գրքույկները հանձնելու վերաբերյալ

Ծառայությունը մինչեւ 2017 թվականի մարտի 1-ը պատվիրված նամակով կամ ստորագրությամբ առձեռն հանձնելու եղանակով ծանուցելու է գործատուին աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետների մասին: Աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները չեն կարող ավելի ուշ լինել, քան 2019 թվականի հունվարի 1-ը:

Գործատուն, մինչեւ իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո նշում է աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը եւ ստորագրում (կնիքի առկայության դեպքում` նաեւ կնքում)` նշելով իր զբաղեցրած պաշտոնը, անունը եւ ազգանունը:

Աշխատանքային գրքույկները ծառայության տարածքային բաժին  ներկայացնելով ծառայության հետ կնքվում է աշխատանքային գրքույկների հանձնման-ընդունման ակտ, եթե աշխատողների թիվը մինչեւ 10 –է, ապա ակտը լրացվում է տարածքային բաժնում, մինչև 50 աշխատանքային գրքույկի համար լրացվում է մեկ ակտ:

Գործատուի ներկայացուցչին հանձնվում է ստացական գրքույկների ընդունման վերաբերյալ:

Աշխատանքային գրքույկները գործատուին են վերադարձվում դրանք տարածքային բաժին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ օրը համաձայնեցնելով է գործատուի ներկայացուցչի հետ:
Ծառայությունը տեսաներածում է (սքանավորում) աշխատանքային գրքույկն ու էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան: Աշխատանքային գրքույկները տարածքային բաժնից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնում է աշխատողներին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital