McDONALD Նշանի չեղյալ ճանաչելու հարցի քննարկումը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում` նշանի չօգտագործման հիմքով

Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ՎԵՍՏ ՍՊ ընկերությունը 2014թ-ին մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան պահանջելով չեղյալ ճանաչել ՄաքԴոնալդս Քորփորեյշն" ընկերության (MCDONALD`S CORPORATION, a DELAWARE CORPORATION) անունով  Հայաստանի Հանրապետության տարածքում Մտավոր սեփականության գործակալության կողմից կատարված ապրանքային նշանների գրանցումները (McDONALD'S, RONALD McDONALD, Большой Мак, BIG MAC- գրանցումները կատարված եմ 1999թ-ին):

Գրանցումները վիճարկվել են այն տարածված իրավական հիմքով, ըստ որի խելամիտ ժամկետներում ապրանքային նշանի չօգտագործումն այն անվավեր ճանաչելու հիմք է դարձնում: Այդպիսի կարգավորումներ առկա են գրեթե բոլոր իրավական համակարգերում և Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքը կանոնակարգող իրավական ակտերում նույնպես տեղ է գտել  "Արդյունաբերական սեփականության պահպանության մասին" Փարիզյան կոնվեկցիայի 5-րդ հոդվածի "Գ"  կետի 1-ին ենթակետը (Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 25.12.1991 թվականից), ըստ որի, եթե երկրում գրանցված նշանի օգտագործումը պարտադիր է, գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն արդարացի ժամկետի լրանալու դեպքում և միայն այն ժամանակ, երբ շահագրգիռ անձը չներկայացնի ապացույցներ, որոնք արդարացնում են նրա անգործության պատճառները:
Իրավական այս դրույթն արտացոլվել է  "Ապրանքային նշանների մասին" ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը կարող է ցանկացած անձի կողմից ներկայացված հիման վրա չեղյալ հայտարարվել .. եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հինգ տարի անընդմեջ, կամ հայցը  ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից:
Հայաստանում Կոնվենցիայի իմաստով արդարացի է համարվել 5-ամյա ժամկետը, որի ավարտից հետո ծագում է նշանի գրանցումն անվավեր ճանաչելու համապատասխան կոնվենցիոն հիմքը, իսկ McDONALD բրենդն առ այսօր ներկայացված չէ ՀՀ շուկայում:
Հատկանշական է, որ Վարչական դատարանում Ռուսական ընկերությունը հասել է հաջողության և կարողացել է չեղյալ ճանաչել ՄաքԴոնալդս Կորպորացիայի կողմից ՀՀ տարածքում իրականացված գրանցումները նույն այդ՝ չօգտագործման հիմքով:
Վերաքննիչ վարչական դատարանը ևս վերահաստատել է ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումը:
Վճռաբեկ դատարանը, սակայն, վարույթ ընդունելով ներկայացված ՄաքԴոնալդս Կորպորացիայի բողոքը հարցին անդրադարձել  է միանգամայն այլ իրավական հիմքերի տեսանկյունից՝ չանդրադառնալով ՀՀ տարածքում նշանի օգտագործման հարցին, ըստ էության հետապնդելով օրենքի զարգացման և միջազգային բրենդի պաշտպանության նպատակներ.
    
1 . Ո՞ր դատարանը պետք է քննի գործը. Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա՞ է արդյոք վարչական դատարանին, թե՞ ընդհանուր իրավասության դատարանին:

Վերլուծելով առկա իրավակարգավորումները և նշանի չօգատգործումը դիտարկելով այն օրենքով նախատեսված բացառությունների թվին, երբ անձի կողմի իր իրավունքներից չօգտվելը հանգեցնում է իրավունքի դադարեցման և միաժամանակ կարևորելով դրա իրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում նշել է, որ Ապրանքային նշանը մտավոր սեփականության օբյեկտ է, իսկ մտավոր սեփականության իրավունքը սահմանադրական նորմի ուժով պաշտպանվում է օրենքով:  Վճռաբեկը  վկայակոչել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի   նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշում այն մասին, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածն ըստ էության կիրառելի է նաև մտավոր սեփականության նկատմամբ (  "Անհոյզեր-Բուշ ինկ." ընկերությունն ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ի 11.01.2007 թվականի վճիռը): Վճռաբեկ դատարանը փաստել է , որ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի հիման վրա հարուցված գործերը չեն բխում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա չեն վարչական դատարանին: Այլ կերպ ասած` ապրանքային նշանի չօգտագործման հիմքով դրա գրանցումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ դատական գործերը բխում են մասնավոր` քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճից և ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին: (Մինչդեռ գործը քննվել է Վարչական դատարանում ..)

Մեկ այլ հիմքով անդրադարձել է դատարան դիմելու իրավունք ունենալու հարցին. Հատկանշական է, որ չօգտագործման հիմքով նշաը չեղյալ ճանաչելու հնարավորություն օրենքը տվել է ցանկացած անձի, սակայն արդյո՞ք դա ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է այդ պահանջով դատարան հայց ներկայացնելու

2. Ո՞վ կարող է դիմել դատարան Չօգտագործման հիմքով նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով:

Օրենքի համապատասխան  նորմը չօգտագործման հիմքով դատարան դիմելու իրավունք է վերապահել "ցանկացած անձի":
Անդրադառնալով ցանկացած անձի կողմից դատարան դիմելուն արձանագրել է , որ  "ցանկացած անձին" վերապահելու իրավակարգավորումից չի կարող հետևել, որ անձն իրավական շահագրգռվածության բացակայության պարագայում ևս կարող է ակնկալել դատական պաշտպանություն: Ցանկացած պարագայում դատարան դիմելը ենթադրում է խախտված իրավունքների վերականգնում` լինի դա մասնավոր իրավահարաբերությունից ծագած վեճի, թե հանրային իրավահարաբերությունից ծագած վեճի արդյունք: Բացի այդ, դատական պաշտպանության իրավունքը չի կարող լինել ինքնանպատակ, և անձը չի կարող դիմել դատարան, եթե առկա չէ վերջինիս "իրական (ռեալ)" իրավունքների խախտում կամ խախտման վտանգ):
Այսինքն` ռուսական ընկերությունն ընդհանուր իրավասության դատարանում պարտավորված է լինելու ներկայացնել ապացույցներ, որ նշանի չեղյալ ճանաչումը նպատակ է հետապնդում իր խախտված իրավունքների վերականգմանը՝ կրելով այն չիրականացնելու բացասական հետևանքները. դե, իսկ թե ինչպիսի գործածություն  կստանա այս մեկնաբանությունն ապագայում ի հայտ կգա օրենքի պրակտիկ գործողություն ընթացքում:
 
 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital