Հակասահմանադրական է ճանաչվել գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում տրամադրելու պարտավորությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանը 19 հուլիսի 2016թ.  ՍԴՈ-1294 որոշմամբ անդրադարձել է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցին:
Օրենսգրքի վիճարկվող 249-րդ հոդվածը գործող խմբագրությամբ ամրագրվել է 04.10.2005, որն այն իրավական հիմքն է, որի միջոցով  Հայաստանում բանկերը քաղաքացիներին պատկանող և գրավադրված գույքը վերցնում են ի սեփականություն, առանց դատական գործընթացների միջոցով անցնելու:

Քանի որ այդ գործընթացը իրենով պարունակում բազմաթիվ ռիսկեր և առևտրային բանկի կողմից կամայականություններ իրականացնելու հնարավորություն, ուստի ամրագրվել է դրույթ, որը հնարավորություն է  տալիս քաղաքացուն դատական կարգով վիճարկելու գրավի առարկա հանդիսացող իր գույքի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Սակայն այդ հնարավորությունը միաժամանակ պայմանավորել է այնպիսի մի պայմանով, որն ամբողջությամբ արժեզրկում էր սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի իրացումը կանխելու իրական իրավական հնարավորությունը, մասնավորապես ամրագրված նորմով Դատարանը կարող էր կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Այսինքն` սահմանված էր բռնագանձման սպառնալիքի տակ հայտված գրավադրված  գույքի արժեքին համաչափ ապահովում տրամադրելու պարտավորություն գրավատուի կամ սեփականատիրոջ կողմից. այդ ապահովումը կարող էր լինել ինչպես դրամական արտահայտությամբ այնպես էլ այլ արժեքի տեսքով, սակայն փաստ է, որ այսօր վարկ ստանալու համար դիմող քաղաքացիների մեծամասնությունը հիմնականում կամ  մեկ արժեքավոր գույք ունի որպես սեփականություն, կամ նույնիսկ դա էլ չունի և գրավադրվում է երրորդ անձի գույքը, դե իսկ դրան համարժեք դրամական միջոցներ ունենալու դեպքում էլ, հավանաբար, վարկ վերցնելու համար իր գույքը գրավադրելու կարիք չէր ունենա:
Այն որ Հայաստանում բանկերի շահերը գերազանցապես պաշտպանված են, գաղտնիք չէ, և ի վկայություն դրա կարելի նշել նմանօրինակ բազմաթիվ նորմեր, որտեղ վարկ տրամադրող բանկն ունի գրեթե անսպառ հնարավորություններ և իրավունքներ, սակայն, քանի որ հաճախ այդ  պահպանության մեխանիզմներն ու միջոցները  դուրս են որևէ խելամտության սահմաններից, այդօրինակ իրավական կարգավորման նորմերը վաղ թե ուշ բախվում են ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանելու հարցին և ինչպես այս դեպքում ճանաչվում են հակասահմանադրական:
Վկայակոչված նորմը նաև սահմանում էր բանկի համար պարտավորություն ուղարկելու բռնագանձման ծանուցում միայն  պարտապանին: Մինչդեռ հաճախ է պատահում, երբ գրավատուն և վարկառուն կամ պարտապանը չեն համընկնում. Օրինակ քաղաքացին դիմում է վարկ վերցնելու համար որևէ բանկին, և որպես այդ վարկի ապահովման միջոց գրավադրվում է իր որևէ ազգականի գույքը. այս պարագայում պարտապանը և գրավատուն չեն համընկնում, սակայն բանկը ծանուցում ուղարկելու պարտավորություն ունի միայն պարտապանի նկատմամբ: Սահմանադրական դատարանի որոշմամբ բանկի՝ ծանուցում ուղարկելու պարտավորությունը սահմանվել է հավասարապես ինչպես գրավատուի այնպես էլ պարտապանի համար:
Վկայակոչված քաղաքացիաիրավական նորմը Սահմանադրական դատարանում վիճարկվել է այն հիմքերով, ըստ որի այն չի համապատասխանում սեփականության իրավունքի ճանաչման, երաշխավորման եւ պաշտպանության սահմանադրական մոտեցումներին:

Միևնույն ժամանակ ՍԴ անդրադառնալով արտադատական կարգով բռնագանձում տարածելու հարցին խուսափել է ուղղակի պատասխանել թե ինչքանով է այն համապատասխանում Սահմանադրությանը, իսկ բերված փաստարկներն առ այն որ քաղաքացին իր ակտիվ գործողությունների միջոցով պայմանագիր ստորագրելով տալիս է իր համաձայնությունը արտադատական կարգով բռնագանձում տարածելու իր գույքի նկատմամբ համոզիչ չէ, քանի որ բոլորին է հայտի իրականությունը պայմանագրերի կնքման գործընթացի վերաբերյալ. դրանք պատրաստ տեքստով, ստանդարտ և մանր տառերով կազմված պայմանագրեր են, որոնց չստորագրելու հնարավորությունն ուղղակի բացառվում է. բնականաբար, որևէ բանկ որևէ գրավատուի հետ բանակցությունների մեջ չի մտնի քննարկելու այն հարցը թե արդյո՞ք հնարավոր  է արտադատական կարգով բռնագանձումը պայմանագրում փոխարինել դատական կարգով բռնագանձման… պարզապես քաղաքացիներն առանց այլընտրանք ունենալու կատարում են այդ ակտիվ գործողությունը վարկն ամեն գնով ստանալու նպատակով:
Ինչևէ նույնիսկ այսպիսի իրակարգավորման բազա ունենալու պայմաններում անհրաժեշտ է որպեզի  դատարան դիմելու սեփականատիրոջ դե ֆակտո հնարավորությունը  լինի մատչելի և իրատեսական.
Բացի այն որ սեփականատերը դատական կարգով կարող է վիճարկել բռնագանձման օրինականություն  (ոչ թե բռնագանձման գործընթացն այլ դրա օրինականություն, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է)  այլև պարտավորեցնում է տրամադրել բռնագանձվող գույքին համարժեք ապահովվում, որը Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ անհամաչափ ծանրաբեռնում է գրավատուի` արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելու հնարավորությունը, քանի որ կասեցնելու համար պարտավորեցնում է գրավատուին տրամադրել ապահովում ոչ թե գրավառուի հնարավոր վնասների, այլ գրավ դրված առարկայի արժեքի չափով: Մի շարք դեպքերում գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել ոչ միայն գրավով ապահովված հիմնական պարտավորության, այլ` նաեւ գրավառուի հնարավոր վնասների չափը: Նման իրավակարգավորման պարագայում գրավատուի համար հիմնականում անիրագործելի է դառնում գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու վերաբերյալ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը:

Ուստի  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում , եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում" բառակապակցությունը` այն մասով, որով գրավատուին կարող է պարտադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովման տրամադրում, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital