Անշարժ գույքի համար մղվող երկարատև դատավարությունն ավարտվեց «Այլեքս»-ի հաղթանակով:
Իրավական վեճը ծագել էր մայրաքաղաքում գտնվող բնակելի տներից մեկի շուրջ: Արտերկրում բնակվող գույքի սեփականատերը թույլատրել էր ազգականին ժամանակավորապես օգտագործել այն: Անշարժ գույքում տասը տարուց ավել բնակվելու, այն որոշակիորեն բարելավելու հանգամանքները ժամանակավոր օգտագործողի մոտ առաջացրել էին տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու հավակնություններ:

2011 թվականին կայացված դատարանի վճռով գույքի նկատմամբ դադարեցվել էր արտերկրում գտնվող սեփականատիրոջ իրավունքը և ձեռքբերման վաղեմության ուժով այն փոխանցվել գույքն օգտագործողին:
2013 թվականին, իմանալով դատական կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին, իրավական աջակցություն ստանալու նպատակով  «Այլեքս» փաստաբանական գրասենյակ էր դիմել գույքի՝ արդեն նախկին սեփականատիրոջ ժառանգը:
Քաղաքացու շահերի պաշտպանությունը ստանձնել էր գրասենյակի փաստաբան Արամ Խաչատրյանը, ում անվան հետ էլ կապվում է անհավանական թվացող այս հաղթանակը: Բազմաթիվ ատյաններում երկարատև պայքարի, իրավական բարդ լուծումների միջոցով Արամ Խաչատրյանին ոչ միայն հաջողվեց վերադարձնել անշարժ գույքը, այլև նպաստել իրավունքի զարգացմանը: Այս անգամ արդեն սույն վեճի փաստական հանգամանքների շրջանակներում /ԵԷԴ/1457/02/10 / ՀՀ վճռաբեկ դատարանը, 2015 թվականի դեկտեմբերի 28-ին կայարած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պայմաններից բարեխղճության պայմանի գնահատմանը, վերահաստատեց, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության ծագման համար անհրաժեշտ տասը տարվա տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն, ինչն անհնարին է գույքը սեփականատիրոջ կողմից որևէ անձին օգտագործման հանձնված լինելու պայմաններում:
Երկարատև գործընթացն ավարտվեց օրեր առաջ՝ գույքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքի պետական գրանցմամբ:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital