Դատական կարգով ալիմենտի չափի որոշումը
Քաղաքացիներին հաճախ է հետաքրքրում այն հարցը, թե որքան է կազմում ալիմենտի չափը գործող օրենսդրությամբ: Այն դեպքում երբ Պատասխանողն ունի կայուն վաստակ (և (կամ) այլ եկամուտ), ալիմենտի չափը մեկ երեխայի համար կազմում է ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը, իսկ երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։
Անկախ վաստակի չափից՝ ամենամսյա վճարումների չափը, յուրաքանչյուր երեխայի համար չի կարող պակաս լինել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամից: Գործող օրենսդրությամբ, սակայն, դատարանն իրավասու է նվազեցնել կամ ավելացվել օրենքով սահմանված հիշյալ չափերը, հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքները:
Հաջորդ եղանակը կայուն դրամական միջոցով ալիմենտի սահմանումն է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ ալիմենտ վճարելու պարտավորություն կրող ծնողը չունի կայուն վաստակ (և (կամ) այլ եկամուտ), կամ վարձատրվում է բնեղենով: Այս դեպքում, ալիմենտի չափը սահմանելիս, դատարանը ելնում է երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` դարձյալ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։
Այսպիսով, թվարկված երկու դեպքերում էլ ալիմենտի չափի որոշման հարցում էական նշանակություն կարող են ունենալ ուշադրության արժանի մի շարք հանգամանքներ, որոնք յուրաքանչյուր գործով եզակի են: Դրանք կարող են հիմնավորել ինչպես որոշակի եղանակով կամ չափով ալիմենտ վճարելու հայցվորի պահանջը /օրինակ՝ ալիմենտ վճարելու պարտավորություն կրող ծնողի նյութական ապահովվածության հանգամանքը/, այնպես էլ ներկայացված չափով ալիմենտ վճարելու պահանջի դեմ առարկությունը /օրինակ ալիմենտ վճարելու պարտավորություն կրող անձի խնամքին անաշխատունակ կամ անչափահաս անձինք լինելու հանգամանքը/:
Այսպիսով, գործի քննության ընթացքում ուշադրության արժանի հանգամանքների, գույքային, ընտանեկան դրության և ալիմենտի չափի որոշման հարցում էկան նշանակություն ունեցող հանգամանքները հաստատող ապացույցները, օրենքով սահմանված կարգով ձեռք է բերում և համապատասխան դատավարական փուլում դատարանին է ներկայացնում դրանց ներկայացման հարցում շահագրգռվածություն ունեցող կողմը:
Թեև, ստանձնած միջազգային պարտավորություններով, պետությունը, այդ թվում նրա անունից հանդես եկող դատարանները, երեխայի շահերին առնչվող յուրաքանչյուր գործով ղեկավարվում են նրա լավագույն շահերին առաջնահերթություն տալու կարևորագույն սկզբունքով, այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ ալիմենտի բռնագանձման պահանջը քննվում է մրցակցային դատավարությունում՝ դատարանի պասիվ դերակատարման պայմաններում: Մրցակցացին դատավարության պայմաններում ավելի, քան կարևորվում է ինչպես ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնողի /հայցվորի/, այնպես էլ օրենքի ուժով ալիմենտ վճարելու պարտավորություն կրողի /պատասխանողի/ կողմից իրավահարաբերությունները կարգավորող նորմերի կատարյալ իմացությունը: