Սնանկություն. Ընկերությունը կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը և ժամկետները

Սնանկության դիմում կարելի է ներկայացնել ինչպես իրավաբանական անձի, այնպես էլ ֆիզիկական անձի դեմ: Սնանկության մասին ՀՀ օրենքը սահմանում է այն հիմքերը, որոնց դեպքերում հնարավոր է դիմել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու նպատակով

Պարտապանին սնանկ ճանաչում է դատարանը կամ պարտատիրոջ կողմից տրված դիմումի հիման վրա, կամ երբ պարտապանն ինքն է կամավոր կերպով դիմում դատարան իրեն սնանկ ճանաչելու պահանջով:

1) հարկադրված սնանկություն

Առաջին և ամենատարածված հիմքը պարտապանին սնանկ ճանաչելու դա այն իրավիճակն է, երբ առկա են հետևյալ բոլոր հիմքերը միաժամանակ. Այսինքն` բոլոր ներքոնշյալ պայմաններն առկա են առանց բացառության

  • պարտապանի պարտքը գերազանցում է 1 միլիոն դրամը
  • պարտավորությունը ժամկետանց է ավելի քան 60 օր
  • պարտքը հիմնավորված է փաստաթղթով կամ դատարանի վճռով և չկա հանդիպակաց չկատարված պարտավորություն

2) կամավոր սնանկություն

Պարտապանը սեփական նախաձեռնությամբ կարող է դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

  • եթե պարտավորություններն գերազանցում է 1 միլիոն դրամը
  • Պարտապանի ակտիվները գնահատվել են 1 միլիոն դրամից ցածր արժեքով

Դիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ քան 2 ամսվա ընթացքում

3) կամավոր սնանկություն

Օրենքում կատարված փոփոխությամբ պարտապանը պարտավոր է կամավոր սնանկության դիմում ներկայացնել, եթե ունի պարտավորություն, որն առաջացել է կամ հետևանք է պետական կամ համայնքի կողմից կազմված և չվճարված վարչական ակտի: Հատկանշական է, որ այս պարագայում որևէ գումարային սահմանափակում նախատեսված չէ: Բավարար է միայն, որ այդ ակտով առաջադրված պահանջը գերազանցի ակտիվների (գույքի) արժեքը: Դիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում:

Դիցուք.

Քաղաքապետարանը ուղարկել է վարչական ակտ, որով քաղաքացին տուգանվել է 300,000 ՀՀ դրամ:

Վարչական ակտը քաղաքացին չի բողոքարկում, հետևաբար այն մտնում է օրինական ուժի մեջ:

Քանի որ այդ վարչական ակտը օրենքի իմաստով հանդիսանում է հանրային իրավական պահանջ և քանի որ այն գերազանցում է 200,000 ՀՀ դրամը (այս գումարային շեմը նախատեսված է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով), ապա այն ի թիվս այլ անբարենպաստ հետևանքների ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն՝ հարկադիր կատարման, նույնիսկ առանց դատական գործընթացների միջով անցնելու:

Ներկայացված օրինակում, եթե ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի գույքը պակաս է 300.000 ՀՀ դրամից, ապա վերջինս պարտավոր է սկսել սնանկության վարույթ և կկրի այդ գործընթացը չսկսելու համար նախատեսված անբարենպաստ հետևանքները:

4) կանխատեսվող սնանկություն

 

Ո՞ր դատարան պետք է դիմել սնանկ ճանաչելու պահանջով.

Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում. Ընդհանուր կանոնի համաձայն դիմումը պետք է ներկայացել պատասխանողի գտնվելու վայրի դատարան, սեփական սնանկության դիմումը՝ այն վարչական շրջանի դատարան, որտեղ հաշվառված է ֆիզիկական անձը կամ որը հանդիսանում է իրավաբանական անձի հասցեն:

 

Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել սահմանված ժամկետում սնանկության գործընթաց չսկսելը.

Սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնել կարող է առաջացնել ծանր հետևանքներ

Մասնավորապես. Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը, (լուծարողը) այդպիսին լինելու դեպքում, կրում է անձնական գույքային պատասխանատվությունը` դատարան դիմելու պարտականությունը չկատարելու համար

Պարտապան իրավաբանական անձի (հիմնադիրները ) մասնակիցները կարող են ևս կրել անձնական գույքային պատասխանատվություն:

Այս դեպքերում, սակայն պատասխանատվության ծավալը սահմանափակված է և չի կարող տարածվել ընկերության բոլոր պարտավորությունների վրա. Մասնավորապես վերոնշալ անձինք իրենց անձնական գույքով պատասխանատու կլինեն այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են վերոնշյալ 2 ամսյա ժամկետը լրանալուց հետո:

Ֆիզիկական անձի դեպքում, բնականաբար այս ռիսկը բացակայում է, քանի որ առանց այն էլ վերջինս ամբողջ իր գույքով պատասխանատվություն է կրում այդ պարտավորություններ համար:

 

Ե՞րբ պետք է ներկայացվեն պահանջները պարտապանի նկատմամբ.

Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

Ընկերությունների, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարակատիրոջ սնանկության վերաբերյալ բոլոր հայտարարությունը տեղադրվում է www.azdarar.am կայքում. Այսինքն` պետք է պարբերաբար ստուգել այդ կայքը, որպեսզի սահմանված կարգով հնարավորություն լինի որպես պահանջատեր գրանցվելու համար: Հասկանալի պատճառներով բազմաթիվ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք չեն վերահսկում այս գործընթացը, որը հետևանք է դառնում սնանկության պրոցեսներից դուրս մնալուն, իսկ արդյունքում՝ դրամական միջոցների կորստի: Խնդիրն առավելապես վերաբերում է  կազմակերպություններին և վերջիններիս խորհուրդ է տրվում պայմանագրային հիմունքներով սահմանել azdadar.am կայքը պարբերաբար մոնիտորինգ անելու պարտականությունը այն իրավաբանական գրասենյակի հետ, որի հետ վերջիններս աշխատում են: Ժամանակին ստացված տեղեկատվությունը հնարավորություն կտա ոչ միայն սնանկության գործընթացից դուրս չմնալու, այլև առնվազն պահանջների բավարարման հերթականության մեջ առավելություններ ունենալու, քանի որ պահանջների վերջնական ցուցակի հաստատումն, ըստ էության, վճռորոշ դեր ունի սնանկության վարույթում:

 

Որքա՞ն է սնանկության գործերով վարույթի ժամկետները.

Օրենքով սնանկության գործընթացի ընդհանուր կամ առավելագույն ժամկետ հասկանալի պատճառներով չի սահմանվել , սակայն այն չի կարող անհիմն ձգձգվել. Այդ խնդիրը մասնակիորեն լուծվել է 2016 հունիսի փոփոխություններով, որտեղ սնանկության գործերով կառավարիչների համար սահմանվել է հավելյալ պարտավորություն՝ իրականացնելու սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններն հնարավոր սեղմ ժամկետներում:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital