Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով:

Օրենքի իմաստից հետևում է, որ ՍՊԸ կարող է ստեղծել նաև մեկ անձը, սակայն սահմանափակված է մասնակիցների առավելագույն թիվը: Այն չի կարող գերազանցել 49-ը, հակառակ դեպքում պետք է կրճատվի, կամ ընկերությունը պետք է վերակազմակերպվի որպես այլ իրավական ձևի տնտեսական ընկերության կամ ընկերակցության:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Այն դեպքում, երբ մյուս մասնակիցները տեղեկացվելու օրից մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում իրենց նախապատվության իրավունքից, բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձի, իսկ եթե կանոնադրությամբ այն երրորդ անձանց վաճառելը չի թույլատրվում, ընկերությունը պարտավոր է ձեռք բերել այդ բաժնեմասը:

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է: Ընթացիկ ղեկավարման համար ընկերությունն ստեղծում է գործադիր մարմին` կոլեգիալ կամ միանձնյա:

Տնտեսական ընկերության տեսակներից է նաև Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը:

Այդպիսի ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital