Քաղ. օր. 72 հոդվածը բացահայտում է ընկերակցությունների և ընկերությունների հասկացությունը: Համաձայն այդ հոդվածի, ''Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների /մասնակիցների/` բաժնետոմսերի բաժանված կանոնադրական /բաժնեհավաք/ կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները: Հիմնադիրների /մասնակիցների/ ավանդների հաշվին ստեղծված, ինչպես նաև ընկերակցության կամ ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքը նրան է պատկանում սեփականության իրավունքով'':

Օրենքով նախատեսված առանձին դեպքերում տնտեսական ընկերություն կարող է ստեղծել նաև մեկ անձը:

Տնտեսական ընկերակցությունները կարող են ստեղծվել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված /կոմոնդորային/ ընկերակցության ձևով:

Տնտեսական ընկերությունները կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով:

Լիակատար ընկերակցությունների մասնակիցներ ու վստահության վրա հիմնված ընկերությունների լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և /կամ/ առևտրային կազմակերպությունները:

Տնտեսական ընկերությունների մասնակիցներ ու վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուներ կարող են լինել քաղաքացիները և իրավաբանական անձինք:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների մասնակիցներ:

Պետք է նկատի ունենալ, որ այստեղ խոսքը ոչ թե պետության և համայնքների մասին է, այլ դրանց կառավարման մարմինների:

Համաձայն Քաղ. օր. 128 հոդվածի, Հյաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Ինչից ենթադրվում է, որ պետությունը և համայնքները կարող են լինել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների առանձին տեսակների մասնակիցներ:

Այդ մասին առավել հստակ ասված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածով:

Տնտեսական ընկերակցության առանձին տեսակ է Լիակատար ընկերակցությունը:

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար:

Անձը կարող է լինել միայն մեկ լիակատար ընկերակցության մասնակից:

Այսպիսի ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ:

Ընկերակցության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել ընկերակցության անունից, եթե կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նրա բոլոր մասնակիցները գործերը վարում են համատեղ, կամ այն հանձնարված է առանձին մասնակիցների:

Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Ընկերակցության առանձնահատկություններից է այն, որ այն լուծարվում է նաև այն դեպքում, երբ մնացել է ընկերակցության միայն մեկ մասնակից:

Լիակատար ընկերակցության տարատեսակն է վստահության վրա հիմնված ընկերակցությունը:

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը:

Այս ընկերակցության առանձանահատկություններից է նաև այն, որ ընկերակցությունը չի լուծարվում, եթե մնացել է մեկ լիակատար ընկեր և թեկուզ մեկ ավանդատու:

Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital