1.     Վճռաբեկ դատարանի «աննախադեպ նախադեպային»  որոշումը. ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող դատական ակտը    

2.     ՀՀ  դատական համակարգի իրավիճակային տեսություն (վճռաբեկ դատարան)

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Հակոբի Բարսեղյանի նախագահությամբ քննված թիվ ՎԴ/0585/05/11 վարչական գործով կայացվեց մի դատական ակտը, որն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին և կարելի է բնորոշել որպես աննախադեպ նախադեպային որոշում.  աննախադեպ, որովհետև այդ որոշմամբ դատարանը դուրս գալով իր իրավասության բոլոր սահմաններից ընդունեց մի որոշում, որն ուղղակիորեն հակասում է օրենքներին և տրամաբանությանը:


Artak Barseghyan   Վճռաբեկ դատարանի որոշում և Oրենքը.
  Թեև գործնականում հնարավոր են նմանատիպ այլ դատական գործեր, սակայն մեր փաստաբանական գրասենյակի պրակտիկայում այս  որոշումը միակն է, երբ վճռաբեկ դատարանը դուրս գալով օրենսդրությամբ սահմանված իր լիազորության սահմաններից կայացնում է  օրենքներին հակասող որոշում. Գործի քննության հիմնական էությունը վերաբերում է վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը ներկայացուցչի՝ լիազորված անձի միջոցով ստանալուն- լիազորագիրը տրված է  եղել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի  3 կետի համաձայն, ըստ որի` Լիազորագրի համար նոտարական վավերացում. չի պահանջվում:
Գործի փաստերը համառոտ.
Անձնագրերի և վիզաների վարչությունը հրաժարվել էր տրամադրել քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը այդ քաղաքացու ներկայացուցչին, ով գործել է  լիազորագրի հիման վրա, որը նոտարի կողմից հաստատված չի եղել . օրենքով հստակ սահմանված է «լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում» «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի  3 կետ (այսուհետ՝ Օրենք):
Քաղաքացու ներկայացուցիչը դիմել է վարչական դատարան. Դատավոր Արա Բաբայանի կողմից հայցը բավարարվել է հօգուտ քաղաքացու. Վճռվեց նաև փաստաբանական գրասենյակի օգտին  բռնագանձել 50,000 ՀՀ դրամ:
Անձնագրերի և վիզաների վարչությունը ներկայացրեց  վերաքննիչ բողոք. Դատավորներ Լարիսա  Սոսյան, Աշոտ  Սարգսյան, Հովսեփ  Բեդևյան- Անձնագրերի և վիզաների վարչությանը վերաքննիչ բողոքը նախ վերադարձվեց, որովհետև չէր վճարվել   վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը. այս պարագայում, երբ անձնագրերի ու վիզաների վարչությունում տեղյակ չեն, որ ըստ օրենքի պարտավոր են հիմք ընդունել քաղաքացու կողմից տրված լիազորագիրը առանց նոտարական վավերացման, նույն օրինաչափության մեջ է տեղավորվում նաև չիմացությունը, որ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելիս պետական տուրք վճարելու անհրաժեշտություն կա. Ինչևէ, երկրորդ անգամ, արդեն պետական տուրքը վճարելուց  հետո ներկայացվում է վերաքննիչ բողոք անձնագրերի և վիզաների վարչության անունից: Ինչպես կարելի էր ենթադրել նախապես, ԱՎՎ վերաքննիչ բողոքը ևս մերժվեց: (ներկայացված վերաքննիչ բողոքում տեղ էին գտել փաստաթղթի տրամադրումը մերժելու բոլոր հավանական ու անհավանական տարբերակները, նույնիսկ գործի հետ առնչություն չունեցող տեղեկություններ. Նշվել էր առաջին ատյանի դատարանի կողմից  թույլ տրված թվով շուրջ «13 խախտման» վերաբերյալ, որոնց մի մասը ընդհանուր իրավաբանության սահմաններից հեռու են  , իսկ երբեմն էլ հայերենում անհայտ ծագման և անհասկանալի .
Մեջբերումներ ԱՎՎ ներկայացուցչի վերաքննիչ բողոքից.

-«դատարանը, վարչական վարույթով չպայմանավորված, հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով անձի կողմից վարչական մարմնում հանդես գալու հանգամանքը պարզապես անթույլատրելի և ոչ իրավաչափ կերպով անվերապահորեն ընդունել է որպես բացարձակ և գերակա չափանիշ»   
-«ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները երաշխավորում են անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը։ Որպես սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության երաշխիք` այն իրավական նախադրյալ է ստեղծում սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ և դատավարական կառուցակարգերի ստեղծման համար։ Այն, որպես դատական պաշտպանության մեխանիզմների ձևավորման և գործունեության անկյունաքար, երաշխավորում է իրական, խախտված սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունը` յուրաքանչյուրին իրավունք վերապահելով դատարանում հայցելու իր և ոչ թե` այլ անձանց, կամ իր համոզմամբ խախտված իրական, այլ ոչ թե` «վերացականե իրավունքի պաշտպանություն»։

   
Առանց հատուկ իրավաբանական գիտելիքների էլ, հավանաբար, շատերին հասու է այն իրականությունը  , որ օրենքով սահմանված դեպքերում և կարգով   անձը դատարանում կարող է հայցել ինչպես իր, այնպես էլ այլ անձանց իրավունքների պաշտպանությունը, օրինակ` փաստաբանի միջոցով, մերձավոր ազգականի միջոցով, օրինական ներկայացուցչի , ներկայացուցչի միջոցով և այլն, և Սահմանադրության այդ հոդվածը (որը ինչպես ԱՎՎ ներկայացուցիչն է նշել «իրավական նախադրյալ է ստեղծում սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ և դատավարական կառուցակարգերի ստեղծման համար») նման կերպով մեկնաբանելու փորձն իրավական գիտությանը մինչ այդ անհայտ է եղել.


-«վերը նշված իրավական ակտերում որևէ իրավանորմ և դրույթ չկա օտարերկրացու կողմից իր անվամբ և իրեն տրվող` ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը` քարտը, ներկայացուցչի միջոցով ստանալու կամ այն ստանալը թույլատրելու մասին»
-Դատարանն անտեսել և վճիռ կայացնելիս չի կիրառել «Նոտարիատի մասինե ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 57-րդ հոդվածով ամրագրված նորմերն ..։ Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «նոտարը վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն)»։  Նույն տրամաբանությամբ կարելի էր նշել թե ինչ գործառույթներ ունի ՔԿԱԳ-ը
այլ օրինակներ- որ իրենք չեն տրամադրել փոստաթուղթը, արդյո՞ք դրանով խախտվել են լիազորված անձի իրավունքները, բազմաթիվ անգամ նշվում է, որ լիազորագիրը նոտարական վավերացում չունի և դա է պատճառը, կամ որ չտրամադրելը   բխում է հենց կացության կարգավիճակում նշված անձի շահերից, ստորագրությունը չի համապատասխանում այդ լիազորագիրը տված անձի ստորագրությանը, դատարան դիմելու համար պետական տուրքը ուշ է վճարվել,  կամ իրենց գրությունը քարտի տրամադրումը մերժելու մասին վարչական ակտ չի համարվում և այլն.. ։
Վերաքննիչ դատարանը ևս մերժեց վարչական այս մարմնի բողոքը, սակայն հավանաբար անձնագրերի և վիզաների վարչությունը այս հարցը դարձրել էր իր գոյության հիմնական խնդիրներից մեկը, միգուցե և փորձում էր ցույց տալ, որ իրենք երբևէ չեն սխալվում և դրանով չսահմանափակվեց ու ներկայացրեց վճռաբեկ բողոք (Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը այդ ժամանակ,  Նորայր Մուրադխանյանն էր). Վճռաբեկ բողոքը դատարան ներկայացնելու ժամանակ արդեն վճռաբեկ դատարանը բոլորը գործերը չէր վերցնում վարույթ, համատարած հետ էին վերադարձվում քաղաքացիների բողոքները՝ առանց հիմնավորումների, քարացած նախադասությունները «տեղադրելով» հետ վերադարձնելու մասին որոշումներում: Վճռաբեկ բողոքը 14-04-2012 թ-ին մակագրվեց Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ  Բարսեղյանին: 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Արտակ Բարսեղյանի նախագահությամբ, կայացվեց մի որոշում որով պարզվեց, որ բացի այն որ  «անհիմն են եղել վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները» ,այլև այդ որոշմամբ` Օրենքն, ըստ էության, բնորոշեց որպես սխալ ձևակերպված, կամ նույնն է թե այն պարունակում է «ՌԻՍԿ».  


Ռիսկը և Օրենքը
Կայացված դատական ակտով Որոշեց.
ԱՎՎ Վճռաբեկ բողոքը բավարարել, թեև Օրենքի սահմանում է , որ անձը կարող է գործել լիազորագրով, որը հաստատված չէ նոտարի կողմից , սակայն Օրենքի այդ սահմանումը իրենից ռիսկ է պարունակում, որ որևէ մեկը , հանկարծ, կարող  է լիազորագիր կազմել, ստորագրել և վերցնել այլ անձի պատկանող կացության կարգավիճակը անձնագրերի և վիզաների վարչությունից. Մեջբերումներ գործով վճռաբեկ դատարանի որոշումից . «…..ինչը ռիսկ է պարունակում այնքանով, որքանով կացության քարտը կարող է հանձնվել մի անձի, ով իրապես լիազորված չէ այն ստանալու:»
«Համադրելով վերը նշված մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կացության կարգավիճակ տրամադրելու որոշումը, ինչպես նաև կացության քարտը (այդ թվում` ժամանակավոր կացության քարտը) անձամբ տրվում է նման կարգավիճակ հայցող օտարերկրացուն, կամ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ունեցող ներկայացուցչին, ուստի մասնակցի կամ վերջինիս օրինական ներկայացուցչի անունից հասարակ գրավոր ձևով ձևակերպված լիազորագիր ներկայացրած անձին չի կարող տրամադրվել կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը»:
Հատուկ իրավական գիտելիքներ երևի չեն պահանջվում հասկանալու համար, որ ռիսկերի վերլուծությունը , հատկապես եթե դա չի տեղավորվում օրենքի սահմաններում վերապահված չէ վճռաբեկ դատարանի իրավասությանը. Ի վերջո Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, որն օրենսդիր մարմին է, ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով և ունի օրինաստեղծ գործունեություն իրականացնելու բացառիկ իրավասություն. Այս պայմաններում, անհասկանալի է, թե ինչ իրավասությամբ է վճռաբեկ  դատարանը իր որոշմամբ  սահմանում այլ բան, քան նախատեսված  է օրենքով, որ իրավական ակտով է տրված վճռաբեկ դատարանին ԱԺ կողմից ընդունված օրենքի նորմը դիտարկելու որպես ռիսկ և սահմանելու դրա իմաստին և բովանդակությանը հակառակ և հակասող իրավական պրակտիկա: Նույնիսկ Սահմանադրական դատարանը, որը  սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, իր  իրավասության սահմաններում հակասահմանադրական է ճանաչում որևէ նորմի գործողությունը, և դուրս չի գալիս օրենքի տառացի մեկնաբանության սահմաններից, չի ընդունում օրենքին հակասող  կամ օրենքից չբխող որոշումներ: Սահմանադրությամբ սահմանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ՍԴ որոշումներով՝ անհրաժեշտ է  պահպանել իրավական որոշակիությունը, նույնը ՄԻԵԴ որոշումներում…,  Թե՞ որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է ԱՎՎ-ի կողմից, ուրեմն այդ պահից դադարում են գործել օրենքները , դրանում պարունակվող իրավական նորմը դառնում է ռիսկային և վերաքննիչ դատարանի օրենքից բխող գնահատականները դառնում են անհիմն, կամ միգուցե խնդիրն այն է, որ չկա որևէ այլ վերադաս դատական ատյան, որ վճռաբեկ դատարանի նմանատիպ որոշումներին տա համապատասխան գնահատական. Այս առերևույթ հռետորական հարցի պատասխանը հետևյալն է. Նույն այս գործով, դեռևս առաջին ատյանի դատարանում քանի որ ԱՎՎ ներկայացուցիչը որպես փաստաթղթերը տրամադրելու մերժման մի տարբերակ նշում էր , որ այն   հնարավոր է չի ստորագրվել այն անձի կողմից ով նշված է լիազորագրում, դատարանի առաջարկությամբ, կատարելով լրացուցիչ ծախսեր, հատուկ այդ կասկածները փարատելու  համար այդ (հասարակ գրավոր) լիազորագիրը ստորագրած անձը արտերկրից փոստով ուղարկեց ևս մեկ լիազորագիր  ՝ հաստատված նոտարի  կողմից, ապոստիլով, որն այստեղ թարգմանվեց, ստացավ նոտարական հաստատում և ներկայացվեց դատարանին. Իհարկե դա չէր հանդիսանում հայցվորի պարտականությունը, քանի որ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի համաձայն  գործում է հավաստիության կանխավարկածը, հոդված 10, ըստ որի «Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել»: Նույն այդ հոդվածում ամրագրված է «Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»: Այսինքն` եթե տեսականորեն ենթադրենք , որ այդ փաստաթուղթն ԱՎՎ-ի կողմից չտրամադրելու իրական պատճառը կասկածն է եղել, որ այն կարող է իրապես ստորագրված չլինել այն անձի կողմից ով որպես լիազորող նշված է լիազորագրում, ապա որպես վարչական մարմին, պարտավոր էր այդ հանգամանքը ստուգել բոլոր օրենքով չարգելված միջոցներով- պարտավոր էր , այլ ոչ թե իրավունք ուներ. Իսկ ինչու՞ փաստաթուղթը տրամադրելու մերժման մասին ԱՎՎ որոշման մեջ չկա որևէ հղում այդ մասին և ամենակարևորը ինչո՞ւ այդ լիազորությունը չի իրականացրել . հենց այս միջոցով է  Օրենքը կարգավորել վճռաբեկ դատարանի կողմից նշված «ռիկսը» կառավարվելու, վերահսկելու մեխանիզմը. Այսինքն` ավելի տրամաբանական և արդյունքում օրինական կլիներ, որ եթե վճռաբեկ դատարանը ռիսկերի վերլուծություն է կատարում վարչական վարույթի հարցերով, ապա իր որոշման մեջ նշեր, որ կա այդ ռիսկը, սակայն ըստ օրենքի այդ ռիսկը վերահսկելու  պարտականությունն ըստ վերը նշված օրենքի դրված է եղել վարչական մարմնի վրա, որն էլ իր պարտականությունը չի կատարել. Ուստի այսուհետ անհրաժեշտ է բոլոր նմանատիպ գործերով քաղաքացիների իրավունքներն իրացնելու հետ կապված հարցերով մերժման որոշում կայացնելուց առաջ հետևել օրենքի պահանջներին. ղեկավարվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 10 հոդվածով և հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: Ավելին, թեև այդ հարցը պարզելու պարտավորությունը կրել է վարչական մարմինը, որն ըստ անհրաժեշտության պետք էր իր այդ  գործառույթն իրականացներ դեռևս մինչև դատական գործը սկսելը, այն փաստացի իրականացվել է դատարանում հայցվորի կողմից և հայցվորի միջոցների հաշվին. Այսինքն` սույն վարչական գործով առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ի վերջո ներկայացվել է վճռաբեկ դատարանի կողմից նշված նոտարական կարգով հաստատված լիազորագիրը` չունենալով նման պարտավորություն, այս պարագայում հարց է ծագում, թե ինչի՞ վերաբերյալ է կայացվել որոշում վճռաբեկ դատարանի կողմից, երբ ամբողջությամբ լուծված է եղել վճռաբեկ դատարանի որոշմամբ բարձրացված հարցով խնդիրը: Այս փաստական հանգամանքների առկայության պայմաններում, ո՞րն է վճռաբեկ բողոքը բավարարելու տրամաբանությունը, երբ նույն վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպերով հաստատել է այն հանգամանքը, որ որևէ հարցի վերաբերյալ վեճի բացակայության պայմաններում դրանում բարձրացված հարցը կամ բողոքը դառնում է առարկայազուրկ և  այդ հիմքով այն ենթակա է մերժման  նկատի ունենալով  օբյեկտի բացակայությունը (ՀՀ քաղ. Դատ. Օրենսգրքի 226, 227 հոդվածներ): Ուստի վերոնշյալ հիմնավորումների հետ մեկտեղ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում մի հարցի վերաբերյալ, որը  նաև ամբողջությամբ առարկայազուրկ է եղել:

Ընդհանուր առմամբ այս և նմանատիպ գործերի ընդհանուր ամբողջության մեջ զարմանալի չէ` մեր երկրի դեմ բավարարվող ՄԻԵ դատարանի որոշումների քանակային ցուցանիշը, թեև որոշ պաշտոնատար անձինք դա մեկնաբանում են որպես օրենքի անկատարության հետևանք.  Այս դատական գործով հավաստվում է , որ մեզ մոտ օրենքի անկատարությունը, եթե ոչ հիմնական, ապա առնվազն միակ խնդիրը չէ, խնդիրն այդ Օրենքները իրենց նշանակությանը համապատասխան և «Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով կիրառելն է.

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից 2015 թ. Մայիսի 15 արված հայտարարության համաձայն  .«2010թ-ի հունվարի 1-ից մինչև  2015թ-ի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը կազմում է 31, որոնց փոխհատուցման գումարը կազմել է 585 հազ. 804 եվրոյին համարժեք դրամ։ Համեմատության համար վերցրել ենք մի քանի երկրներ և վերլուծել նույն ժամանակահատվածը (այդ թվում և Ադրբեջանը), արդյունքում՝ Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում, այլ բավական բարենպաստ վիճակում է՝ ինչպես պարտված գործերի քանակով, այնպես էլ փոխհատուցած գումարի չափով ։ «Սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է բավարարված համարենք մեր գործունեությունը, և որևէ միջոց չձեռնարկենք իրավիճակը շտկելու համար։»
Նախ` ըստ իս, օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է այդ վիճակագրության հետ միաժամանակ արձանագրել նաև թե ինչքան են կազմում ՄԻԵԴ ներկայացվող բողոքների քանակը, որը իրական չափանիշ է ՀՀ դատական ատյաններում իրենց իրավունքների պաշտպանությունը չգտած անձանց որոշակի տոկոսի վերաբերյալ  և հետո դժվար է համաձայնվել Հովհաննես Մանուկյանի դիրքորոշման հետ, որ սա բավական բարենպաստ վիճակ է` հաշվի առնելով` Հայաստանը տարածքային չափերը, բնակչության թվաքանակը և ֆինանսական հնարավորությունները, կամ թեկուզ համեմատական անցկացնելը ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանի հետ, որտեղ գրեթե բացակայում է խոսքի ազատության իրավունքը իր համապատասխան հետևանքներով: Նշված ժամանակահատվածի համար Հայաստանը վճռաբեկ դատարանի որոշումների արդյունքում վճարել է կես միլիոն եվրոն գերազանցող գումար հարկատուների հաշվին. նշում եմ վճռաբեկ դատարանի որոշումների արդյունքում, քանի որ մինչև  ՄԻԵԴ դիմելը քաղաքացին պետք է սպառի ՀՀ բոլոր դատական ատյաններում իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունները, նոր միայն իրավունք ստանա դիմելու ՄԻԵԴ-ին. Այսինքն` արդյունքում վճռաբեկ դատարանի սխալ որոշումների հետևանքով են խախտվում քաղաքացիների իրավունքները և ՄԻԵԴ-ի այդ որոշումները դրանց անմիջական հետևանք են հանդիսանում Հայաստանի համար համապատասխան ֆինանսական պարտավորություններով. Իսկ ին՞չ հետևություններ են արվում այդ որոշումներից հետո. բացակայում է դատավորի պատասխանատվության ինստիտուտը,  չկան համակարգային փոփոխություններ. Ինձ, թերևս, անհայտ է մինչ այժմ նույնիսկ կարգապահական պատասխանատվության ենթարկված վճռաբեկ դատարանի նույնիսկ մեկ դատավորի վերաբերյալ. Այստեղ կամ գործում է վճռաբեկ դատարանի «անսխալականության եզրույթը» կամ կրկին տեղի ունի երկակի ստանդարտներ, որի վերաբերյալ փաստերը կոնկրետ մեկ այլ գործով ներկայացրել եմ նախկինում, բազմաթիվ օրինակներ կան նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում: Հսկայական քանակությամբ ՄԻԵԴ ներկայացվող բողոքներ պարունակում են ՀՀ դատարանի կողմից նյութական իրավունքի խախտման փաստեր, որոնց կապը Կոնվենցիայով սահմանված նորմերի հետ ունի միայն անուղակի առնչություն և որոնք, ցավոք, չեն ընդունվում Եվրոպական դատարանի կողմից քննության ՄԻԵԴ-ում առկա մեծաքանակ դիմումների առկայության պարագայում. Քննարկվող վարչական գործը ևս, Եվրոպական դատարան չի ներկայացվել, քանի որ առավելապես Եվրոպական դատարանը քննում է անձի ազատությունների և հիմնարար իրավունքների սահմանափակման հարցեր, իսկ այս գործով նյութական իրավունքի խախտումը, այն էլ կենսական նշանակություն չունեցող, միայն անուղղակի առնչություն ունի ՄԻԵ կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքի, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի հետ:
Վճռաբեկ բողոքը բերվում է նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման հիման վրա, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, իսկ վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է օրենքի միատեսակ կիրառությունը. Այս գործով անհասկանալի է թե վերաքննիչ դատարանը ինչպիսի նյութական կամ դատավարական խախտում է թույլ տվել : Կարելի է արձանագրել, որ վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ մասամբ իրեն վերապահել է օրենսդիր իշխանության լիազորություններ՝ սահմանելով վարքագծի համապարտադիր այլ կանոն` Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքում ամրագրված նորմին ամբողջությամբ հակասող.  նորմի մեկնաբանությամբ  սահմանել է, որ այն պետք է գործի ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Նույն տրամաբանությամբ, թեև օրենքով թույլատրված է, կարելի է նախադեպային որոշում ընդունել հայցադիմումները հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա ստորագրելու իրավունքն արգելելու վերաբերյալ, որովհետև այն ևս ռիսկ է – կարող է իրապես  չստորագրել այն անձի կողմից ով նման բողոք ներկայացնելու իրավասություն ունի. Կամ բազմաթիվ բնակելի շենքներ ճանաչվում են որպես գերակա հանրային շահ ունեցող տարածքներ և հարկադրաբար օտարվում են կառուցապատողներին, այդ դեպքերում նույնիսկ իրականությամբ հիմնավորված ռիսկ  կա, որ այդ շենքների բնակիչները  չեն ստանալու արդարացի փոխհատուցում.. Նման օրինակները կարելի է շարունակել անընդհատ..
Նմանաբովանդակ որոշումը վտանգավոր նախադեպ է նաև այն առումով, որ ոչ թե օրենքի նորմն է ռիսկային, այլ այդպիսի որոշումներն են   իրենցից ենթադրում իրական ռիսկ, անձանց` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին համահունչ վարքագիծ դրսևորելու հետ կապված հարաբերություններում, քանի որ ստացվում է, որ վճռաբեկ դատարանն իրավասու է սահմանել մարդու իրավունքները սահմանափակող վարքագծի նոր` օրենսդրության մեջ մինչ այդ գոյություն չունեցող կանոններ: Թեև սեփականության իրավունքը ճանաչվում և պաշտպանվում է Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ մի որոշմամբ էլ կարող է քաղաքացին կամ օտարերկրյա ներդրողները զրկվել իրենց սեփականության իրավունքից, սահմանափակվել օրենքով իրենց վերապահված իրավունքները և ազատությունները: Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշային համակարգը գնահատում է որևէ երկրում բիզնեսով զբաղվելու կարգավորումների օբյեկտիվ գնահատականներ, իսկ մեզ մոտ ամեն տարի գոհունակությամբ նշում են այդ վարկանիշում առաջընթացի վերաբերյալ. գնահատման մեթոդոլոգիայի մի չափանիշն էլ այդ երկրի դատական համակարգն է. Դժվար չէ կռահելը, թե որ դիրքում Հայաստանը կարող է հայտնվել նմանատիպ գործերի վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում.
Այս դատական գործի ժամանակ փաստաբանական գրասենյակն ուներ 2 տարվա գործունեություն և տարեկան ընդհանուր դրամական շրջանառությունը բավականին փոքր էր, բայց անմիջապես առաջին ատյանի դատարանի կողմից ընդդեմ վարչության վճիռը կայացնելուց հետո զանգահարեցին հարկային տեսչությունից՝ հայտնելով, որ հատուկ հրամանով փաստաբանական գրասենյակի նկատմամբ բյուջեի փոխհարաբերությունների և ԱԱՀ հաշվարկների ստուգում է բացվել: Այդ ստուգման մասին փաստաթղթով ներկայացած ՏՀՏ աշխատակիցն ինքն էլ էր փորձում հասկանալ, թե որն է ստուգումներ իրականացնելու իրական նպատակը` առանց խախտումների աշխատող փոքր այդ ընկերությունում` հիմնադրվելուց հետո այդ կարճ ժամանակահատվածում. որևէ խախտում, իհարկե, բացակայում էր, ԱԱՀ հաշվարկներ հասկանալի պատճառով չկար, ուստի հարկային ստուգումը, որպես պետական մարմնի դեմ հայց ներկայացնելու համար ոչ ֆորմալ «պատժիչ միջոց» չարդարացրեց իր նպատակները. ԱՎՎ-ն ստիպված էր շարունակելու գործը դատական կարգով «արդարությունը» վերականգնելու, իր իրավունքների խախտումները վերացնելու համար: Այս առումով հատկանշական է, որ որոշ պետական կառույցներ կամ դրանց առանձնացված  ստորաբաժանումներ կամ ավելի ճիշտ կլինի նշել՝ դրանք կառավարող ղեկավար անձինք, հաճախ չեն գիտակցում, որ իրենց գոյության և գործունեության հիմնական և վերջնական նպատակը քաղաքացիներին ծառայելն է, քաղաքացիների այդ իրավունքների իրացման ու պաշպանության հարցերին հետամուտ լինելն է և հաճախ անդուլ պայքար են սկսում մարդկանց դեմ՝ արտադատական կամ դատական կարգով՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները՝ այդ կատաղի և համառ պայքարում մոռանալով իրենց հիմնական առաքելության մասին: Ակնհայտ է, որ այսօր իրենց իրավունքների դատական պաշտպանության կարքի ունեն ոչ թե այդ վարչական մարմինները, այլ այդ վարչական մարմնինների հետ որևէ հարցով երբևէ առնչություն ունեցած քաղաքացիները, որոնց իրավունքները խախտվում ե նույնիսկ ոչ էական այնպիսի հարցերում, ինչպիսին է հանդիսանում օրինակ արդեն իսկ հաստատված փաստաթղթի տրամադրումը, իսկ որոշ այդ կառույցների աշխատողների վերաբերմունքի և պահվածքի վերաբերյալ կարելի է ընդհանրապես չխոսել:
Այս և նմանատիպ երևույթները ստվերում են ոչ միայն ամբողջ դատական համակարգը, այլև երկրի հեղինակությունն ընդհանրապես, կամ թեկուզև Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն ցանկանում է ինտեգրվել Եվրոպական միությանը կամ եթե դա անհնար է առնվազն ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ երկրների հետ, որի պարագայում ստանձնել է դատական համակարգի կատարելագործման մի շարք պարտավորություններ.  իսկ ին՞չ ընթացքում են այդ բարեփոխումները.  Մեջբերում Եվրոպական Հարևանության Քաղաքականության իրականացման ընթացքը Հայաստանում 2013 թ-ին Բրյուսելում ընդունված զեկույցից  «Թեև ընդանում է 2010-2016 թթ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը սակայն, ծրագիրը   հանրային իրազեկությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, բազմաթիվ գործողություններ պետք է իրականացվեն  դատական համակարգի անկախությունն ապահովելու ուղղությամբ   , այլ ռեֆորմներ ևս պետք է իրականցվեն դատարանի մատչելիության բարձրացման համար, ավելի շատ ռեֆորմներ պետք է իրականացվեն քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»
Մեջբերում Եվրոպական Հարևանության Քաղաքականության իրականացման ընթացքը Հայաստանում 2014 թ-ին Բրյուսելում ընդունված զեկույցից  , որ «Թեև ընթանում է 2010-2016 թթ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը, սակայն հանրային անվստահությունը դատական համակարգի նկատմամբ շարունակում է մնալ բարձր, որևէ էական զարգացում չկա արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ. Վճռաբեկ դատարանը շարունակում է իր ազդեցությունը ստորադաս դատարանների վրա»:
 
Դեռևս հռոմեական իրավունքում կարևորելով իշխանությունների տարանջատումը, որպես իրավական համակարգի հիմնարար սկզբունք գրված էր - Iudicis est ius dicere, non dare- որը նշանակում է, որ դատարանի խնդիրը ոչ թե օրենք ստեղծել է, այլ դրա կիրառելն է: Այս կանոնն իր արտացոլումն է գտել ժամանակակից աշխարհում Սահմանադրությունների և օրենքների մեջ հստակ տարանջատելով օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը և դատական իշխանությունը: Դատարանն օրինաստեղծ մարմին չէ, այլ դատարանի խնդիրը արդեն ընդունված օրենքները, վարքագծի համապարտադիր և համընդհանուր կանոնների կիրառելիությունն ապահովվելն է:
 Հայաստանի դատական համակարգում աշխատում են հեղինակավոր դատավորներ և լավ մասնագետներ , սույն դատական գործի շրջանակներում այդպիսիք են օրենքի տառից բխող  դատական ակտը կայացրած առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանի դատավորները, և միգուցե, այս և առանձին գործերը ավելի առանձին` անձնային բնույթ են կրում՝ պայմանավորված լինելով  կոնկրետ անձանց ու կառույցների մասնակցությամբ. Ի վերջո, եթե օբյեկտիվ լինենք, այս վարչական գործը կենսական նշանակության հարցի չի   վերաբերում. թեև խախտվել է անձի իրավունքը, տարիներով քննվել է դատական գործը ծախսվել է ժամանակ, մարդկային և դրամական ռեսուրսներ, հերթական հիասթափությունը դատական համակարգից, այնուամենայնիվ այն կապված չէ օրինակ անձին խոշտանգելու, ազատությունից   կամ սեփականության իրավունքից զրկելու, հետ. Այս օրինակի նպատակը` խնդիրը, որպես համակարգային երևույթ ներկայացնելն է,  անկախ առաջին ատյանի ու վերաքննիչ ատյանի դատարաններ ու անաչառ վճռաբեկ  դատարան ունենալու ցանկությունն է: Մեջբերում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի 2013 թ-ի զեկույցից, որն այսօր էլ արդիական է. < Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր ... ապա մարդիկ արդարադատություն չէին  փնտրի փողոցներում.. >
Սույն գործով հրապարակումը այլ խմբագրությամբ տեղադրել եմ դեռևս 30 հոկտեմբերի 2012թ-ին . այս տարբերակը խմբագրել եմ հետագայում, երբ հարցը քննարկել ենք ինչպես Հայաստանում այնպես արտերկրում մեր գործընկեր իրավաբանական գրասենյակների բազմաթիվ իրավաբանների հետ, որոնց արձագանքները հիմնականում համընկել է մեր  դիրքորոշման հետ:

-Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2012 թ տարեկան հաշվետվություն- Էջ 103-104


® Այլեքս փաստաբանական գրասենյակ
Փաստաբան  Շ. Փեթակչյան


2012-2015
 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital