Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում անշարժ գույքը է վարձակալությամբ հանձնելու դեպքում և հեռահար ի՞նչ կարգով պետք է կատարել առաջացող հարկային պարտավորությունները:

ՀՀ հարկային օրենսգրքի`
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետին համապատասխան` պասիվ եկամուտ է համարվում ֆիզիկական անձի կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտը, մասնավորապես` շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ: Նույն մասի 27-րդ կետի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է,
- 25-րդ հոդվածով սահմանված են ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ դրույթները,
- 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների:
Նույն մասի 2-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:
Նույն մասի 2-րդ կետի համաձայն` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
- 144-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում պասիվ եկամուտները` օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում,
- 107-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի "ա" ենթակետին համապատասխան` վարձակալական վճարը կամ սերվիտուտի վճարը համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ, եթե ստացվում է ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց,
- 150-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` տասը տոկոս դրույքաչափով,
- 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին,
- 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից` ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտները, ենթակա են հարկման եկամտային հարկով` 10% դրույքաչափով: Ընդ որում`
1) գույքը հարկային գործակալի վարձակալությամբ տրամադրվելու դեպքում, ֆիզիկական անձին վճարված վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը,
2) գույքը անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի վարձակալությամբ տրամադրվելու դեպքում, ստացված վարձակալական վճարների մասով եկամտային հարկը ֆիզիկական անձը հաշվարկում է ինքնուրույնաբար` մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Լ հրամանի N 3 հավելվածով) և հաշվարկված եկամտային հարկի գումարները վճարում պետական բյուջե` մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Տեղեկացնում ենք նաև, որ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը ինքնուրույնաբար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ` 10% դրույքաչափով:
Միաժամանակ, հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկների` էլեկտրոնային եղանակով ներկայացումն իրականացվում է հարկային մարմնի հետ կնքված` էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի հիման վրա և էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով (օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մաս):

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital