Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը սահմանում է պարտատիրոջ՝ պարտապանի մահվան դեպքում ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պահանջները ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելու իրավունքը:

Հատկանշական է, որ պարտատերերի կողմից պարտապանի ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու կամ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն գործող օրենսդրությունը չի սահմանում:
Վկայակոչելով պարտապանի մահվան մասին օբյեկտիվորեն չտեղեկանալու և ըստ այդմ՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հավանականությունը՝ «Արարատբանկ» ՓԲԸ-ն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ Սահմանադրական դատարանում բարձրացրել էին ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածին վերը նշված իրավակարգավորման հապատասխանության հարցը:
Դիմումատու բանկը, մասնավորապես, նշել էր, որ շատ դեպքերում ժառանգներն օգտվելով օրենսդրական բացից, պարտապանի մահվան փաստը պարտատերերից թաքցնել նպատակով, մինչև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի ավարտը հանգուցյալի անունից կատարում են պարտքը մարելուն ուղղված կանոնավոր վճարումներ: Ըստ դիմումատուի, ժառանգներն այդ կերպ չեզոքացնում են պարտատերերի կողմից ժառանգատուի մահվան փաստի վերաբերյալ տեղեկանալու հավանականությունը, իսկ վեցամսյա ժամկետի ավարտից հետո, օգտվելով օրենքի բացից, հրաժարվում են պարտավորությունների մնացած մասի կատարումից:
Դիմողի կարծիքով պարտատերերի կողմից պարտապանի ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու կամ ժամկետը վերականգնելու վերաբերյալ համապատասխան ընթացակարգերի բացակայությունը չի ապահովում պարտատերերի սեփականության իրավունքի իրականացումը և պաշտպանությունը:
Բանկի պնդմամբ՝ Օրենսգրքի 1243-րդ հոդվածն այնքանով, որքանով չի կարգավորում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, հակասում է Սահմանադրության 28, 29 և 60-րդ հոդվածներին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին խնդրի վերաբերյալ հայտնել էր այն դիրքորոշումը, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատի, որ պարտատերը տեղեկացված է եղել պարտապանի մահվան և, դրանով պայմանավորված՝ ժառանգության բացման վերաբերյալ, ապա Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբն անհրաժեշտ է համարել պարտատիրոջ կողմից ժառանգության բացման վերաբերյալ տեղեկանալու օրը:Սահմանադրական դատարանը բողոքի քննությամբ փաստել է, որ քաղաքացիական օրենսդրությունը ժառանգների վրա չի դնում պարտատերերին ժառանգության բացման մասին տեղյակ պահելու պարտավորություն։ Ժառանգը կարող է տարբեր օբյեկտիվ պատճառներով չիմանալ ժառանգատուի պարտքերի մասին, կամ կարող է իմանալ մահացած ժառանգատուի պարտքերի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով չտեղեկացնել (այդ թվում՝ չարամիտ դիտավորություն ունենալով) ժառանգության բացման մասին:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիտարկվող «պարտապան-պարտատեր» իրավահարաբերություններում պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու արդյունքում վնաս կրելու ռիսկը վերաբերում է պարտատերերին, ուստի վերջիններս՝ որպես շահագրգիռ անձինք, պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն: Օրենքը չի արգելում պարտատիրոջը որոշակի պարբերականությամբ ինքնուրույն տեղեկանալու պարտապանի մասին, և վերջինիս կողմից պարտավորություն չկատարելը պետք է դրդի պարտատիրոջն ակտիվ գործողություններ կատարելուն, ընդ որում՝ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել և բավարար միջոցների առկայության և սահմանված ժամկետը բաց չթողնելու պայմաններում հատուցվել ինչպես ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու, այնպես էլ ժառանգությունը չընդունելու պարագայում, նույնիսկ ժառանգների բացակայության դեպքում պարտատերերը կարող են հավակնել իրենց հասանելիք պարտքերը ստանալուն:
Սահմանադրական դատարանը նաև ընդգծել է, որ ցանկացած վարկային կամ փոխառության պայմանագիր կնքելիս կողմերը համաձայնության են գալիս նաև այն հարցում, թե ինչ հաճախականությամբ պետք է կատարվի վարկի մարումը, և, որպես կանոն, սահմանվում է մարման որոշակի պարբերականություն: Եթե պայմանագրից բխող պարտականությունները ժամանակին չեն կատարվում, նույնիսկ մեկ անգամ, ապա վարկ կամ փոխառություն տրամադրող կազմակերպությունը պետք է միջոցներ ձեռնարկի պատճառներն իմանալու համար, քանի որ պատճառներից մեկը կարող է նաև լինել վարկառուի կամ փոխառուի մահը: Կողմերի միջև հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային կամ փոխառության պայմանագրով, և առաջին հերթին վարկատուի կամ փոխատուի շահերից է բխում պայմանագրով այդ կարգը սահմանելը:
Եվ քանի որ վարկային պայմանագրերին առնչվող հարցերը գտնվում են Կենտրոնական բանկի իրավասության տիրույթում, վերջինս իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կողմերի միջև հաղորդակցման այնպիսի կարգ կամ նվազագույն պահանջներ, որ վարկառուի կամ փոխառուի մահվան դեպքում ապահովվի վարկատուի կամ փոխատուի գույքային իրավունքների ժամանակին պատշաճ պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ ելնելով Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի ազատության սկզբունքից՝ վարկային կամ փոխառության պայմանագրի կողմերի միջև վերջիններիս համաձայնությամբ կարող են սահմանվել հաղորդակցության կարգին վերաբերող այնպիսի դրույթներ, որոնք ուղղված կլինեն վարկառուի կամ փոխառուի մահվան մասին ժամանակին տեղեկանալու, հետևաբար՝ ժամանակին վարկատուի կամ փոխատուի շահերի պաշտպանությանը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանn իր ՍԴՈ-1495 որոշմամբ եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital