2020 թվականի մարտի 23-ին կատարված լրացումով ՀՀ քրեական օրենսգրում նախատեսվել է պատասխանատվություն անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու, ինչպես նաև մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար:
Մասնավորապես
Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:":
Օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 277.1-ին հոդվածով.
Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում` այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
5. Սույն հոդվածի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում` այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: