Ստորև ներկայացնում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ևս մեկ պարզաբանում ժառանգական գույքը փաստացի տիրապետելու և /կամ/ կառավարելու եղանակով ժառանգությունն ընդունած համարելու խնդրի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ժառանգությունն ընդունելու եղանակներից ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու եղանակին, նշել է, որ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տես, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ԿԿ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3ա1621(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007թվականի որոշումը):
Քննարկվող եղանակով ժառանգության ընդունումը հաստատված համարելու նախապայմաններն են.
1. ժառանգի կողմից տիրապետվող կամ կառավարվող գույքը ժառանգության բացման օրվա դրությամբ ժառանգատուին պատկանելու հանգամանքը,
2. ժառանգի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու հանգամանքը՝ ուղղված ժառանգատուին պատկանող գույքը փաստացի տիրապետելուն կամ կառավարելուն,
3. նշված գործողությունները ժառանգության բացման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում իրականացնելու հանգամանքը:
Կարևոր է սակայն ընդգծել, որ ժառանգի կողմից ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի տիրապետումը ոչ բոլոր դեպքերում է հաստատում ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի ընդունած լինեու հանգամանքը:
Ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը ժառանգի տիրապետմանը պետք է անցնի սեփական նախաձեռնությամբ, այն պետք է գործնականում արտահայտի ժառանգությունն ընդունելու՝ ժառանգի կամահայտնությունը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգը անցնում է ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի տիրապետմանն իր կամից անկան հանգամանքներում կամ իր կամքով, բայց երրորդ անձի նախաձեռնությամբ, ժառանգի գործողությունները չեն կարող գնահատվել որպես փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունում:
Նման եզրահանգման է եկել նաև ՀՀ վճռաբերկ դատարանը թիվ ԵԱՔԴ/4912/02/15 քաղաքացիական գործով 2019թ. կայացված որոշմամբ: Դատարանը, մասնավորապես, անդրասառնալով ժառանգի կողմից գույքը տիրապետելու փաստական հանգամանքին՝ արձանագրել է, որ ժառանգի կողմից ժառանգական զանգվածի մեջ մտնող նվեր ստացված գույքը չի կարող վկայել ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու մասին, քանի որ ժառանգության ընդունումը ենթադրում է ժառանգների կողմից կամային գործողության դրսևորում, որը պետք է ուղղված լինի ժառանգությունը փաստացի տիրապետելուն կամ կառավարելուն, իսկ մեկ այլ ժառանգից ստացված նվերը չի վկայում և չէր կարող վկայել ժառանգությունն ընդունելու ժառանգների կամքի առկայության մասին:
Այսպիսով, կարևոր են ոչ միայն ժառանգի ակտիվ գործողությունները ժառանգական գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու, այլև գույքը տիրապետման և կառավարման վերցնելու հարցում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital