2020 թվականի մարտի 6-ին ընդունված օրենքով հարկային օրենսգրքում կատարվել է լրացում, որով հնարավորություն է նախատեսվել եկամտային հարկը ուղղել ուսման վարձավճարի փոխհատուցմանը:

Փոփոխությունն ուժի մեջ է 03.04.2020 թ-ից: 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված հարկային 159-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. "3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով: Օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 160.1-ին հոդվածով. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը: Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով և Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից: Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից` 1) կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. 2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ցանկը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital