ՀՀ Հարկային օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում աշխատողին օրենքով սահմանված կարգով չգրանցելու համար:

Համաձայն Հարկային օրենսգրքի 412 հոդվածի
1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն:

Սույն հոդվածի իմաստով իրավախախտումն առկա է ինչպես անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության, այնպես էլ գրանցման հայտ չներկայացնելու դեպքում: Այսինքն պարտադիր է և անհատական իրավական ակտը և գրավոր պայմանագիրը և հարկային մարմին ներկայացված նոր աշխատողի գրանցման հայտը:
Այս իմաստով առկա է որոշակի հակասություն ՀՀ աշխատանքային օրեսգրքի 14 հոդվածի հետ, որտեղ սահմանված է ՝ Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Այսինքն պայմանագրի կամ անհատական իրավական ակտի՝ դրանցից որևէ մեկի առկայությունը բավարար է աշխատանքային հարաբերությունների ծագման համար: Դեռ ավելին նույն՝ 14 –րդ հոդվածի 2 մասի համաձայն ՛՛ Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:՛՛
Ի հավելումն հարկային օրենսգրքի, պետք է նկատի ունենալ որ իրավախախտման համար առկա է պատասխանատվություն նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169/5/ հոդվածով, ըստ որի Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital