Քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

ՀՈԴՎԱԾ 258.2. ԿԵՆԴԱՆՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:":

Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2019թ-ի նոյեմբերի 21-ից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital