Քաղաքացիները հաճախ են դիմում գրասենյակ «անվանափոխություն» կատարելու ցանկությամբ, որպես անվանափոխություն դիտարկելով սեփականության վկայականում նշված անձանց անունները վկայականից հանելու գործընթացը.
Ուստի հարկ է իմանալ հետևյալը.
1. Սեփականության վկայականում նշված անձինք հանդիսանում են այդ գույքի սեփականատերեր.
Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 8-ի Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:
Համաձայն ՀՀ քաղ. Օր. Հոդված 21 –ի 1 կետի քաղաքացիները կարող են սեփականության իրավունքով ունենալ գույք,
Համաձայն ՀՀ քաղ. Օր հոդված 135-ի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Այսինքն ինչպես կարելի է հասկանալ պետությունն առանձնակի ուշադրություն է դարձրել անձի սեփականության իրավունքի իրավական կարգավորմանը. Իսկ ի՞նչ է սեփականության իրավունքը.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:
Ինչպե՞ս է կատարվում սեփականատիրոջ փոփոխությունը կամ ինչպես քաղաքացիներն են ասում անվանափոխությունը:).
Այդ հարցի պատասխանը առաջին հերթին ՀՀ քաղ. Օրենսգրքի 172 հոդվածն է, որտեղ նշված են սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը.
-1. սեփականության իրավունք կարող է ծագել անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ:
-2. Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ սեփականատիրոջ փոփոխությունը /անվանափոխությունը/ կատարվում է հեևյալ հիմքերից մեկով`
Առուվաճառք- Ապրանքների, գույքի օտարման ամենատարածված իրավական միջոցը. Անշարժ գույքի առուվաճառքի համար կնքվում է պայմանագիր, վավերացվում նոտարական կարգով, այնուհետև դրանից ծագող իրավունքները ստանում են պետական գրանցում կադաստրի համապատատասխան տարածքային ստորաբաժանման կողմից.
Փոխանակություն /բարտեր/. Դրամը հանդիսանում է քաղաքացիների միջև ապրանքաշրջանառության հիմնական միջոցը, ուստի բարտերը այժմ խիստ հազվադեպ է կիրառվում. Այս դեպքում ևս, կնքվում է պայմանագիր, վավերացվում է նոտարի կողմից, այնուհետև դրանից ծագող իրավունքները ստանում են պետական գրանցում կադաստրի համապատատասխան տարածքային ստորաբաժանման կողմից.
Նվիրատվություն . այն դեպքում, երբ գույքի օտարումը չի կրում հատուցելի բնույթ, սեփականության իրավունքի փոխանցման ամենաարդյունավետ իրավական միջոցը նվիրատվությունն է.
4. Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
-5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ծագել նաև ձեռբերման վաղեմության հիմքով.
1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով ...