ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 3 կետում կարդում ենք «Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները):  

Նորմը  նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում օրենքի միատեսակ կիրառելիություն ապահովելուն: Տարբեր են իրավական կարծիքները վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումների դասակարգման վերաբերյալ. Ոմանց կարծիքով դրանք նախադեպային են` հանդիսանում են իրավունքի նախադեպեր, ՀՀ-ում ձևավորվում է իրավաբանական նախադեպի ինստիտուտ, ոմանց կարծիքով էլ նախադեպը բնորոշ չէ մայրցամաքային իրավական համակարգի երկրներին և մեր օրենսդրությամբ չկա նախադեպի իրավական բնորոշում, ուստի և Հայաստանում նախադեպը, որպես իրավունքի աղբյուր բացակայում է. սակայն, ըստ իս, ելակետային է այն գաղափարը, որ յուրաքանչյուր դեպքում, անկախ տրվող գնահատականներից և առկա կարծիքներից, էական նշանակություն ունի օրենքի կիրառման կանխատեսելիությունը, որոշակիությունը, կիրառման միատեսակությունը. Կանխատեսելի և որոշակի, այսինքն` ցանկացած նույնանման փաստական հանգամանքների առկայության դեպքում օրենքը կմեկնաբանվի և կկիրառվի նույնանման.  Այսպիսին է վճռաբեկ դատարանի կողմից կայացված բազմաթիվ որոշումներում ստորադաս դատարանների վճիռների բեկանման հիմքում դրվող   մեկնաբանությունների  իրավական ենթատեքստը. Ինքը բառը` նախադեպ կամ   praecedens – պրեցեդենտ` նշանակում է դեպք, երևույթ , որը տեղի է ունեցել նախկինում. Այժմ հաճախ կարելի է լսել, որ վճռաբեկ դատարանը նախադեպ է ստեղծել իրավական որևէ նորմի մեկնաբանման վերաբերյալ:
Այդպիսի մի որոշմամբ  թիվ 06-1689/2006 գործով վճռաբեկ դատարանն անդրադարձել է  ՀՀ քաղ. Օր 201 հոդվածի կիրառմանը և մեկնաբանությանը
ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մաս
«Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Անդրադառնալով 201 հոդվածի  մեկնաբանությունը վճռաբեկ դատարանը տվել է նորմի հետևյալ մեկնաբանություն, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, բացի  ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի:
Այսինքն, եթե չկա պայմանագիր և ստացված գույքը նվեր կամ ժառանգություն չէ ապա այն ամուսինների համատեղ սեփականությունն է հանդիսանում ԲՈԼՈՐ  ԴԵՊՔԵՐՈՒՄ:
www.court.am կայքից դատավոր Արթուր Սմբատյանի վերաբերյալ կարդում ենք հետևյալ տեղեկատվությունը` 2001 թվականից առ այսօր հանդիսանում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Այսինքն, պարոն Արթուր Սմբատյանը 11 տարվա փորձ ունեցող դատավոր է :  
Թիվ ԵԱԴԴ/1229/02/10 ն  գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Արթուր Սմբատյանի ի հեճուկս պատասխանողների` նշված նախադեպին կատարված հղումների կայացրեց ճիշտ հակառակ վճիռ` նրանց զրկելով սեփականության իրավունքից: Վճռում նույնիսկ չկա անդրադարձ, թե ինչու՞ նշված օրենքի մեկնաբանությունը չպետք է կիրառվի, այն դեպքում, երբ հստակ արձանագրել է, որ Կողմը, որպես իր կողմից վկայակոչվող փաստական հանգամանքների ապացուցման հիմք` վկայակոչում է նախկինում քննված գործով 201 հոդվածի վերաբերյալ վճռաբեկ դատարանի այդ մեկնաբանությունը. Չկա անդրադարձ, որովհետև դժվար է նշել որևէ հիմք, թե ինչու այսուհետ պետք է անտեսենք իրավական որոշակիություն պարունակող երրորդ ատյանի կողմից կայացված որոշումը և անձանց զրկենք իրենց իրավունքներից և այսուհետ ղեկավարվենք նոր` նույն 201 հոդվածի այլ մեկնաբանությամբ. Արդյո՞ք դատարանը իր վճռում պարտավոր չէ նշել, թե ինչու Կողմի  վկայակոչվող նորմը կամ նորմին տրված մեկնաբանությունը չպետք է կիրառվի կամ ինչու պետք է կիրառվի այլ նորմ.
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին ( օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)): Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե' փաստական և թե' իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և    իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական
 
Գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):
 
Նշված գործով դատարանը վեճի առարկա հանդիսացող երեք գույքերի մասով էլ կայացրել է ՀՀ քաղ. Օր 201 հոդվածին և նույն հոդվածի վերաբերյալ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությանը հակասող վճիռ` առուվաճառքի պայմանագրերի հիման վրա ձեռքբերված և նվեր կամ ժառանգություն չհանդիսացող գույքը չդիտելով ամուսինների համատեղ սեփականությունը:
 
Եթե նույն գործով ՀՀ քաղ օր 201 հոդվածը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ի դեմս Արթուր Սմբատյանի մեկնաբանի մի այլ կերպ, վճռաբեկ դատարանը տա կիրառման այլ կարգ, իսկ օրինակ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  նույն հոդվածը մեկնաբանվի երրորդ` այլընտրանքային տարբերակով, որը կտարբերվի նախկին երկու մեկնաբանություններից, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ քաղաքացին այսուհետ դատարան դիմելիս-
 
Առկա՞ է Հայաստանում նախադեպային ինստիտուտ թե ոչ, ըստ իս, ինչպիսին էլ լինի այս հարցի վերաբերյալ տրվող գնահատականները ,  միանշանակ առարկայական է այն հանգամանքը, որ պետք է լինի իրավական որոշակիություն , դատարանը և գործող իրավական համակարգը պետք է կանխատեսելի լինի բոլորի համար, պետք է ապահոված լինի օրենքի միատեսակ կիրառելիությունը   
 
–  res judicata pro veritate habeture.
 
Գործի շարունակությունը վերաքննիչ դատարանում-

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital