Մեր իրականության մեջ հաճախ հանդիպող երևույթներից է, երբ որևէ մեկը դիցուք Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից պարբերաբար կամ մեկ անգամ փոխանցում է կատարում Հայաստանում գտնով որևէ ազգականի կամ ծանոթի, այնուհետև ինչ-ինչ պատճառներով ցանկանում է այդ գումարները վերադարձնել:

Արդյո՞ք այս պարագայում կարող ենք խոսել կողմերի միջև փոխառության հարաբերությունները առկայության վերաբերյալ թե ոչ.
Այս հարցին է անդրադարձել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը թիվ ԵԷԴ/0313/02/16 որոշմամբ:
Կողմերից մեկը պնդել է, որ այն տրվել է պարտքով, իսկ մյուսը շեշտել է դրանց անհատույց տրամադրված լինելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն   անդրադարձել  է հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք միայն քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումները կամ այդ ընթացքում անձանց տված բացատրությունները պահանջվող գումարի հանձնման վերաբերյալ այլ վերաբերելի գրավոր ապացույցի բացակայության պայմաններում կարող են դիտվել բավարար փոխառության իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար:
 Ընդհանրացնելով վճռաբեկ դատարանի որոշումը, արձանագրվել է վերստին, որ  փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու  պահից:
 Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե՛ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ "Տրանսունիվերսալ" ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից

ընդունված որոշումները, այդ ընթացքում անձանց տված բացատրությունները և ցուցմունքները, ՀՀ քաղաքացիական դատավարությունում որպես գրավոր ապացույց, թույլատրելի են նաև փոխառության իրավահարաբերություններից բխող իրավական վեճերով:  

Այդուհանդերձ, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև դատական պրակտիկայի միտումները` Վճռաբեկ դատարանը կարևորում է այն խնդրի պարզաբանումը, թե արդյոք միայն վերը թվարկված փաստաթղթերը բավարար են փոխառության իրավահարաբերության ծագումը հաստատված համարելու համար:
Ինչպես ցանկացած պայմանագիր, փոխառության պայմանագիրը ևս կամային ակտ է: Այսինքն` փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը` փոխառուն և փոխատուն, հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում` փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում` փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելուն: Նման կամքի դրսևորումը և դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռևս բավարար չէ փոխառության իրավահարաբերության ծագումն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված և ձևակերպված լինի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով: Ընդ որում, քանի որ կամահայտնությունը կամքի արտահայտման արտաքին դրսևորումն է, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները  փոխառության պայմանագիրը ռեալ գործարք է, այսինքն` կնքված է համարվում դրամը կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքը հանձնելու պահից, ինչը նշանակում է, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձևով պետք է ձևակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև օրենսդրական այն կարգավորմամբ, համաձայն որի` փոխառության պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության, նման պայմանագիրն առոչինչ է:
Փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը  նշել է, որ միայն հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով կամ ցուցմունքներով չի կարող հիմնավորվել փոխառության իրավահարաբերության ծագման հանգամանքը, քանի որ նախ` նման ապացույցները ժամանակագրական առումով ձևավորվում են փոխառության առարկայի ենթադրաբար փոխանցումից ավելի ուշ, հետևաբար գործարքի գրավոր ձևը պահպանված չլինելու հիմքով ենթադրյալ փոխառության գործարքն առոչինչ է: Բացի այդ, դրանք կամային ակտ որակվել չեն կարող, քանի որ ուղղված չեն կողմերի համար փոխադարձ իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, այլ քրեադատավարական վարույթի շրջանակներում դրանով կանխորոշված նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ են:
Վերոգրյալ ընդհանուր կանոնից բացառություն կարող է կազմել այն դեպքը, երբ ենթադրյալ փոխառության երկու կողմերն էլ հետաքննության կամ նախաքննության ընթացքում իրենց տված բացատրություններով կամ ցուցմունքներով ընդունել են միմյանց միջև փոխառության իրավահարաբերության գոյության փաստը և հետագայում այդ իրավահարաբերությունից բխողվեճով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում տվյալ փաստը չի վիճարկվել ենթադրյալ փոխառուի կողմից կամ չի հերքվել այդ գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով:
 Այսպիսով, գումարները վերադարձնելու հնարավորությունը մեծապես կախված է Կողմերի միջև պատշաճ ձևակերպված գրավոր փաստաթղթի առկայությունից: Միևնույն ժամանակ հնարավոր է սույն  խնդիրը դիտարկել անհիմն հարստացման համատեքստում, որի վերաբերյալ առկա են բազմաթիվ նախադեպեր, երբեմն հակասական …

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital