Առաջին հայացքից պարզունակ թվացող և հիմնականում հայցի բավարարում ենթադրող ալիմենտի բռնագանձման գործերն ունեն խնդրահարույց կողմեր:
Գործնականում դատական քննության ընթացքում առանձնակի բարդություն է ներկայացնում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող կամ անօրինական աշխատանք կատարող ծնողի՝ կայուն վաստակ ունենալու հանգամանքի և ստացվող վաստակի չափի պարզումը: Ալիմենտի բռնագանձման վեճերով, մինչդեռ, կայուն վաստակ ունենալու հանգամանքի պարզումն ունի էական նշանակություն:
Ալիմենտի չափը, երեխաների թվով պայմանավորված, որոշվում է այն վճարելու պարտավորություն ունեցող ծնողի վաստակից և (կամ) այլ եկամուտից: Այն դեպքում, երբ ծնողը չունի վաստակ և (կամ) այլ եկամուտ, դատարանը ալիմենտի չափը սահմանում է կայուն դրամական միջոցի տեսքով: Ընդ որում, եթե առաջին դեպքում օրենսդիրը սահմանել է ալիմենտի չափի նվազագույն շեմը՝ յուրաքանչյուր երեխայի համար տասը հազար ՀՀ դրամ, ապա կայուն դրամական միջոցի տեսքով ալիմենտ սահմանելու դեպքում օրենսդիրը նվազագույն չափ չի սահմանել: Նման դեպքերում ի թիվս ուշադրության արժանի այլ հանգամանքների, հաշվի է առնվում պատասխանողի գույքային դրությունը:
Գործնականում, երեխային ապրուստի միջոց տրամադրելու պարտավորության կատարումից խուսափող ծնողները, շատ դեպքերում փաստացի ունենալով կայուն եկամուտ, գործի քննության ընթացքում այդ մասին չեն բարձրաձայնում: Պատասխանողի՝ կայուն վաստակ ունենալու փաստական հանգամանքը վկայակոչում են հայցվորները՝ դատավարությունում կրելով դրա ապացուցման բեռը:Գործնականում ապացուցման բեռի կատարումը, մինչդեռ, չափազանց բարդ է, քանի որ փաստացի ստացվող եկամուտները որևէ մարմնում կամ փաստաթղթում չեն արտացոլվում: Երբ խոսքը վերաբերում է անօրինական աշխատանքի արդյունքում ստացվող վաստակին,, ապա գործատուն անգամ շահագրռված է դրա չբացահայտման հարցում:
Բացի այդ, թեև վկաների ցուցմունքները քաղաքացիական դատավարության օրենսգրքով համարվում են ապացույցի տեսակ, այնուամենայնիվ, դրանք անձի՝ փաստացի աշխատանքային հարաբերություններում գտնվելու արդյունքում որոշակի կոնկրետ եկամուտ ստանալու հանգամանքը հաստատել չեն կարող: Դատարանն իհարկե կարող է ղեկավարվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մեկ այլ նորմով և կայուն վաստակ ունենալու փաստի բացահայտման նպատակով հարցեր ուղղել պատասխանողին:
Եթե պատասխանողը հրաժարվի կամ խուսափի պատասխանել դատարանի կամ հայցվորի հարցերին կամ տալ ցուցմունքներ, ապա դատարանը կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը), իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ պատասխանողը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված: Առաջին հայացքից լուծում թվացող այս նորմը գործնականում չի կիրառվում, քանի որ դատավարական օրենսգրքում առկա է մեկ այլ՝ դատավարության մասնակցին իր դեմ ցուցմունք չտալու իրավունք վերապահող նորմ: Թե ընտանեկան վեճերով ինչպիսի փաստական հանգամանքների վերաբերյալ ցուցմունք տալը կարող է գնահատվել «իր դեմ» և հիմք ծառայել գործի քննության համար էական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ իրականությունը չբացահայտելու համար, իրավագետների կարծիքները միանշանակ չեն: Մինչ տեսական հարթությունում հարցի վերաբերյալ հնչում եմ իրավամերժ կարծիքներ, գործնականում դատարանները Պատասխանողի՝ կայուն վաստակ ունենալու հանգամանքի ապացուցման բեռը թողնում են հայցվորների վրա:Այսպիսով, փաստացի աշխատանքային հարաբերություններում գտնվող և կայուն վաստակ ստացող ծնողը, հասնում է ալիմենտի չափը դատական ակտում մի քանի անգամ ցածր սահմանելու՝ իր համար ցանկալի արդյունքին:
Ալիմենտ վճարելուց խուսափելուն ուղղված հիշյալ վարքն, այնուամենայնիվ, մնում է անպատիժ, քանի որ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում այն ծնողի համար, ով չարամտորեն՝ ավելի քան երեք ամիս, խուսափում է ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ալիմենտը վճարելուց:
Օրենսդրի կողմից, մինչդեռ, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ալիմենտ վճարելու պարտականությունը ծնողի մոտ ծագում է երեխայից առանձին ապրելու փաստի ուժով, այսինքն ավելի շուտ, քան ալիմենտի չափ սահմանող դատական ակտի կայացումը: Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ դատարանի վճիռը կոչված է ընդամենը հստակեցնելու գոյություն ունեցող պարտավորության ծավալը ու ապահովելու դրա կատարումը: Դատական քննության փուլում սեփական եկամուտները թաքցնելու արդյունքում էականորեն քիչ չափով ալիմենտային պարտավորություն ստանձնող ծնողի դիտավորությունը ևս ուղղված է երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, ինչի արդյունքում նույնպիսի վնաս է հասցվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին: