Օտարերկրացի աշխատողի համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ունենալու պահանջին առնչվող իրավական կարգավորումների գործողությունը կասեցվել է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

Սա նշանակում է, որ մինչ այդ պահը օտարերկրացիները ՀՀ-ում աշխատանքային հարաբերություններում կարող են գտնվել առանց իրավասու մարմնից թույլտվության: Ինչպես հայտնի է, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության գործատուներին պարտավորեցնում է օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր կնքել լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողի համար տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա: Օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու հարաբերությունները մանրամասն կարգավորվեցին ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներով, որոնք ուժի մեջ մտան 2016թ. հունիսի 4-ին: Այնուամենայնիվ, իրավակիրառ երկամսյա պրակտիկան առաջ բերեց մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումն էլ ստիպեց կասեցնել օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ունենալու պահանջի գործարկումը: 2016 թվականի օգոստոսի 18-ը տրված աշխատանքի թույլտվությունները պահպանում են իրենց իրավական ուժը և կասեցված որոշումների գործողության վերսկսումից հետո ևս՝ մինչևւ աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետի լրանալը, շարունակելու են գործել:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital