Գնված ապրանքը վերադարձնելու իրավունքն այսուհետ գործում է ուղղակիորեն

Ինչպես գնված ապրանքը մեկ այլ ապրանքի հետ փոխարինելը, այնպես էլ այն վերադարձնելը սպառողի կարևորագույն իրավունքներն են, որոնք ամրագրված են գործող օրենսդրությամբ, սակայն, սպառողների անիրազեկությամբ պայմանավորված, հաճախ խախտվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից:

Թերևս քչերն են տեղեկացված, որ 2016 թվականին փոփոխություն է կատարվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում, որը վերաբերում է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողների իրավունքների իրականացմանը:ԳՆված ապրանք

Նախկին կարգավորումներով ապրանքը հետ վերադարձնելու իրավունքը սպառողի մոտ ծագում էր այն դեպքում, վաճառողը չէր կարողանում ապահովել գնված  ապրանքը նմանօրինակ այլ ապրանքով փոխարինելու գնորդի իրավունքի իրականացումը:
2016 թվականին Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ ապրանքը վերադարձնելու սպառողի իրավունքը սկսեց գործել անմիջականորեն: Այսպիսով, սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Այն դեպքում, երբ վաճառողը չի սահմանել ավելի երկար ժամկետ՝ սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Ընդ որում՝ ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Հետ չի ընդունվում
Պետք է նկատի ունենալ, որ վաճառողը կարող է մերժել ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պահանջը, եթե այն օգտագործված է, պահպանված չէ դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, ինչպես նաև, երբ բացակայում է ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցները:

Ապրանքները հետ ընդունելու հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում պատրաստ ենք տրամադրել օժանդակություն:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital