Դատավոր Գ. Մազմանյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
2016 թվականի հուլիսի 27- ին քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին հայտարարել է նախազգուշացում:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հաղորդումը` հասցեագրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Գայանե Մազմանյանը նախ բավարարել է դատախազի միջնորդությունը և ՀՀ քաղաքացի Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով ապա ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից միջնորդություն է ստացել, որով նախարարը խնդրել է Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից: Ընդ որում` նման միջնորդության հիմքում դրվել է այն, որ Կորյուն Եղիազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև նա դատապարտվել է միջին ծանրության հանցանքի համար: Ստանալով նախարարի դիմումը Գ. Մազմանյանն ազատել է քաղաքացուն կալանքից` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:
Դատավոր Գայանե Մազմանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, այն է` օրենսդրությամբ նախատեսված լիազորություն չունենալով քննելու ՀՀ արդարադատության նախարարի վերոգրյալ միջնորդությունը` քննել և բավարարել է այն, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, արդյունքում նաև` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը:
Խորհուրդը գտել է, որ վերը նշված խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, հեղինակազրկում է արդարադատությունը և կատարված է կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
Դատավորն ընդունել է, որ քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, որի կապակցությամբ հայցել է Խորհրդի ներողամտությունը: