Ամուսնալուծություն փոխադարձ համաձայնությամբ

Ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը տեղի է ունենում ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ՔԿԱԳ/ մարմնի համապատասխան բաժնում ամուսինների կողմից համատեղ դիմում տալու միջոցով: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնալուծվելու նրա ցանկությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարությամբ: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

Համատեղ դիմում տալու ցանկության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է բացառապես դատական կարգով: Նպատակով ունենալով ամուսիններին ապահովել ամուսնալուծվելու որոշումը վերանայելու ողջամիտ ժամկետով՝ օրենսդրությամբ ամրագրվել է ամուսնալուծության գրանցումը մեկամսյա ժամկետից ավելի վաղ իրականացնելու արգելք: Այսպիսով, համատեղ դիմում տալու միջոցով ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Պետք է նկատի ունենալ, որ ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից: Ամուսնալուծության գրանցումը տեղի է ունենում երկու ամուսինների ներկայությամբ, կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ: Պետք է նկատի ունենալ, որ առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնալուծության մասին դիմումները չեն քննարկվում՝ բացառությամբ դեպքերի, երբ նախկին բնակավայրից ամուսնալուծվողներից մեկի հաշվառումից դուրս գրվելու պահից անցել է ոչ ավել, քան մեկուկես ամիս: Ժամանակավոր հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում, հաշվառում իրականացնող մարմինների կողմից քաղաքացին պետք է ներկայացնի ժամանակավոր բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք։ Ամուսնալուծվող քաղաքացիներին հատկապես հետաքրքրում է այն հարցը, արդյոք կարող են վերջիններս ամուսնալուծությունից հետո պահպանել ամուսնական ազգանունը: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո ինչպես պահպանել այդ ազգանունը, այնպես էլ վերականգնել իր մինչամուսնական ազգանունը: Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, առաջանում է 15 օրյա ժամկետում անձնագիրը փոխելու անհրաժեշտությունը, որի համար հիմք է հանդիսանում մինչամուսնական ազգանունը վերականգնած ամուսնու անձնագրի առաջին էջում ՔԿԱԳ մարմինը կատարած նշումը: Ամուսնալուծության գրանցման՝ ներառյալ ամուսնալուծության վկայական տալու պետական տուրքը կազմում է 10000 /տասը հազար դրամ/: ՔԿԱԳ մարմնին դիմելու միջոցով ամուսնալուծության դեպքում ամուսնությունը դադարում է ամուսնալուծության պետական գրանցման պահից: Ամուսնալուծության հաջորդ եղանակը դատական կարգով ամուսնալուծությունն է:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital