Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք
Ընտանեկան կարգավիճակի (ամուսնացած չլինելու կամ ամուսնության մեջ չգտնվելու) վերաբերյալ տեղեկանք վերցնելու անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը ցանկանում է ամուսնություն գրանցել մեկ այլ երկրում:
Տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտադարատության նախարարությունը՝ հիմք ընդունելով ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին հայցողի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի տարածքային բաժնից տրված տեղեկությունները:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ ինչպես Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
Տեղեկանք հայցող անձը նախարարությանը պետք է ներկայացնի հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը:
Տեղեկանքը տրվում է պահանջվող փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս յոթ օրով: Այն դեպքում, երբ տեղեկանք հայցողը դիմումին կից չի ներկայացնում ՔԿԱԳ տարածքային բաժնից պահանջվող փաստաթուղթը, անհրաժեշտ տեղեկատվությունը նախարարությունը ձեռք է բերում համախատասխան հարցումների միջոցով, իսկ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու վերը նշված ժամկետի հաշվարկը սկսվում է նախարարության կողմից հարցման պատասխաներն ստանալուց հետո:
Եթե հայցողը նպատակ է հետապնդում տեղեկանքը ներկայացնել «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի Կոնվենցիայի որևէ մասնակից երկիր, ապա տեղեկանքը պետք է ունենա նաև «Ապոստիլ» հաստատում: Փաստաթղթի օրինականացումը (Ապոստիլով հաստատումը) ևս կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2005 թվականի փետրվարի 19-ին ուժի մեջ մտած Քիշինևի կոնվենցիային միացած՝ ԱՊՀ անդամ երկրներ, տեղեկանքը ապոստիլով հաստատելու անհրաժեշտություն չի առաջանում: Իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ միջազգային փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության արդարադատության հիմնարկների կամ իրավասու այլ մարմինների կողմից պատրաստված կամ հաստատված փաստաթղթերն առանց որևէ օրինականացման վավերական են նաև Բուլղարայում, Լիտվայում, Ռումինիայում և որոշ այլ երկրներում:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով։