ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04 մարտի 2016թ-ին տվել է թիվ 3 պաշտոնական պարզաբանումը, որով հստակեցվել է բանկերի կողմից արգելանքի կիրառման որոշ հարցեր:

Մասնավորապես հստակեցվել է, որ բանկերն, այսուհետ, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրություն ստանալիս արգելանք չեն կիրառելու հետևյալ 3 դեպքերում

1. Անհաշիվ դրամական փոխանցումների նկատմամբ

2. Պահատեղում պահվող հաճախորդի գույքի նկատմամբ,

3. Բանկի հաճախորդի հիմնական պարտավորության դադարումից հետո ի ապահովումն այդ պարտավորության գրավադրված գրավի առարկայի նկատմամբ, որը դեռեւս գտնվում է բանկի պահպանության (տիրապետման) ներքո:

Անհաշիվ դրամական փոխանցումների նկատմամբ արգելանք չկիրառելու անհրաժեշտությունը հիմնավորվել է այն հանգամանքով, որ քանի դեռ այդ դրամական միջոցները փաստացի չեն հանձնվել ստացողին, դրանք դեռ չեն համարվում վերջինիս սեփականությունը, ուստի և չպետք է արգելանք կիրառել այդ դրամական միջոցների նկատմամբ: Այսինքն, այսուհետ ԴԱՀԿ կողմից գույքի և դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումների առկայության պարագայում քաղաքացիները կարող են անխոչընդոտ ստանալ արտերկրից ստացվող դրամական փոխանցումները (օրինակ MoneyGram, Unistream և այլ համակարգերի միջոցով), որոնք կապված չեն բանկում բացված բանկային հաշվի հետ: Այսինքն՝ դրամական միջոցները չպետք է փոխանցվեն բանկում բացված բանկային հաշվի վրա, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է հստակեցնել բանկի հետ, այլապես սույն կարգավորւմները կիրառելի չեն լինի:  

Այս որոշման դրական կողմը պայմանավորված է մի քանի գործոնների միաժամանակյա առկայությամբ.

1.  Հիմնականում այդ համակարգերի միջոցով փոխանցվում են արտագնա (այդ թվում Ռուսաստանում) աշխատանքի մեջ գտնվող ամուսնու կամ ազգականի աշխատավարձերը, որոնք Հայաստանում բնակվող ստվար զանգվածի համար ապրուստի միակ միջոց են հանդիսանում և այս առումով, կիրառված արգելանքի պայմաններում, այդ դրամական միջոցները չստանալը կարող է վերջիններիս առանց այն էլ ծանր ֆինանսական դրությունն ավելի ծանրացել. ուստի նախևառաջ այն ունի էական սոցիալական ազդեցություն:

2.  ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք կարող է կիրառվել ցանկացած դեպքով և ցանկացած գումարի, այդ թվում շատ չնչին, օրինակ 2000 դրամի պարտավորության դիմաց, երբեմն նույնիսկ առանց որևէ հիմքի՝ թյուրիմացաբար: Մինչդեռ կիրառված արգելանքի վերացումը հաճախ պահանջում է տևական ժամանակ, ինչպես նաև նյութական ռեսուրսներ՝ վարչարարության քաշքշուկներում կողմնորոշվելու նպատակով մասնագետներից իրավական օժանդակություն ստանալու համար:

3.  Գրեթե միշտ չի պահպանվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 46 հոդվածի 2.1. մասը, համաձայն որի՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Չնայած պարբերաբար հնչող վստահեցումներին, իրականում արգելադրվում են ամբողջական հաշիվները և շատ հաճախ ոչ թե մեկ, այլ մի քանի բանկերում: Փաստ է, որ 2000 դրամի չափով պարտավորության չկատարման համար դրված արգելանքի արդյունքում հնարավոր է օրերով չկարողանաս օգտագործել ստացած աշխատավարձդ:

Երկրորդ մասով սահմանվել է, որ արգելանք չի կիրառվելու պահատեղում պահվող հաճախորդի գույքի նկատմամբ, հիմնավորելով, որ բանկը փաստացի չի տիրապետում այնտեղ պահվող գույքի բովանդակության և արժեքի վերաբերյալ տվյալներին և կրկին, որ այն ևս կարող է պահատու հանդիսացող անձի սեփականությունը չհանդիսանալ:

Երրորդ պարզաբանումը. գրավի առարկա հանդիսացող գույքի վրա ևս արգելանք չի կիրառվելու այն հիմնավորմամբ, որ հիմնական պարտավորությունը դադարեցնում է լրացուցիչ պարտավորությունը և բանկի մոտ առաջանում է գրավադրված գույքը վերադարձնելու պարտավորություն:

Ըստ իս՝ այս մասով ԿԲ խորհրդի տված պարզաբանումը խիստ սուբյեկտիվ լինելուց բացի չի ապահովում նաև պարտատեր անձանց գույքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու պետության պոզիտիվ պարտականության իրականցումը և կարող է հանգեցնել բազմաթիվ վերջնական դատական ակտերի փաստացի չկատարման:

Այն դեպքում, երբ բանկի առջև առկա դրամական պարտավորությունը կատարվել է, ապա բանկը պարտավոր է հաճախորդին վերադարձնել գրավադրված գույքը, օրինակ գրավական համարվող ոսկին: ԿԲ խորհրդի կողմից տրված պարզաբանման համատեքստում այդ ոսկին ենթակա է վերադարձման անկախ այն հանգամանքից, որ ԴԱՀԿ ծառայության կողմից բանկը ստացել է հաղորդագրություն այդ անձին պատկանող գույքի և դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու մասին :

Հատկանշական է որ, ԴԱՀԿ մասին օրենքի 40 հոդվածի 3 մասի համաձայն սահմանված է, որ «Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկերին և դեպոզիտարիա պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում …»: Այսինքն` բացի դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելուց (Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը- հոդված 46) հարցվում է պարտապանի հնարավոր գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն, և հետևելով պարզաբանմամբ տրված մեկնաբանության, որ գրավադրված գույքի վրա արգելանք չի կիրառվելու, անհասկանալի է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնի գույքի առկայության վերաբերյալ բանկից տեղեկատվություն ստացած հարկադիր կարատողը: Արդյո՞ք վերջինս պետք է դիտարկի, որ գույքի հետախուզման արդյունքում այդ մասով գույք չի հայտնաբերվել, թե՞ պետք է արձանագրի գույքի առկայության փաստը՝ չձեռնարկելով դրա հետագա իրացումը կանխող գործողություններ: ԴԱՀԿ ծառայության հետագա գործողություններն այդ պարագայում հայտվում են յուրատեսակ փակուղում. 1. չի կարող բանկից պահանջել հանձնելու գրավադրված գույքը, 2. բանկի կողմից այդ գույքի վրա արգելանք չի դրվել և 3. ի վերջո այն հանձնվելու է դրա սեփականատիրոջը, որն ազատ է լինելու գույքի տիրապետման և տնօրինման հարցերում:

Խորհուրդն արգելանք չկիրառելը նաև հիմնավորել է այն հանգամանքով, որ այն փաստացի առանձին ծառայություն է հանդիսանում բանկի համար և միաժամանակ առաջացնում է լրացուցիչ դրամական պարտավորություններ կապված այդ գույքի պահպանման հետ: Այս հիմնավորումը ևս ընդունելի չէ, քանի որ բանկերը երկրի տնտեսական և իրավական համակարգում ունեն որոշակի՝ հատուկ կարգավիճակ, իրականացնելով լիցենզավորված գործունեություն՝ տնօրինում են մեծ քանակությամբ դրամական միջոցներ և ունեն իրենց այդ հատուկ կարգավիճակով պայմանավորված բազմաթիվ պարտավորություններ. Օրինակ բանկի այդպիսի մի պարտավորությունը ծագում է ԴԱՀԿ կողմից որոշում կայացնելու և հաղորդագրություն ուղարկելու դեպքում հաճախորդի դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառելիս, որն իրականացվում ամենօրյա ռեժիմով, այդ աշխատանքում ներգրավվելով հատուկ համակարգեր և աշխատակիցներ, որոնք ևս լրացուցիչ «ֆինանսական բեռ» են հանդիսանում «բացառապես շահույթ ստանալու նպատակ ունեցող» բանկի համար: Ավելին, որոշ բանկեր նույնիսկ չեն խորշում օրենքի շրջանցմամբ բանկի առջև դրամական պարտավորություն ունեցող մահացած անձանց ազգականներից այդ գումարը վերցնելուց: Ուստի համադրելով պարտավորությունն ու անհրաժեշտությունը պետք է փաստել, որ դա անհրաժեշտ է մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության արդյունավետ գործունեության համար, քանի որ նյութական պահանջներով դատական գործերում պարտատիրոջ հաջողության հասնելու հիմնական գրավականը հանդիսանում է պարտապանի գույքի առկայությունը և դրա նկատմամբ օրենքով սահմանած կարգով կիրառված սահամանափակումը:

 

            Փաստաբան՝ Շավարշ Փեթակչյան