Ինչպես հայտնի է Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերը դատական կարգով բողոքարկելիս քաղաքացիներն ազատված էին պետական տուրք վճարելու պարտականությունից:
2019 թ. դեկտեմբերի 26 –ին ընդունված օրենքով փոփոխություն է կատարվել պետական տուրքի մասին ՀՀ օրենքում: Օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի 22-րդ հոդվածում, որը սահմանում է դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները, լրացվել է", բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների" բառերով:
Այսինքն ՃՈ ակտերը դատարանում վիճարկելու համար այսուհետ պետք է վճարել 4000 ՀՀ դրամ:
Բացի այդ հիշեցնենք, որ այսուհետ ՃՈ խախտումներին անհրաժեշտ է նախ բողոքարկել վերադասության կարգով, այնուհետև միայն նոր դիմել դատարան, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287 հոդվածի 2 մասում ևս կատարվել է փոփոխություն. Մասնավորապես
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո: